«Գնաճի չհիմնավորված սպասումներից կտուժի հենց հասարակությունը». Արթուր Ջավադյան
«2017 թ. գույքագրվում էր ցածր գնաճային միջավայրով, որը Կենտրոնական բանկը՝ իր քաղաքականությամբ, մոտեցնում է նպատակայինին»,- նման հայտարարություն այսօր ԱԺ-ում գնաճի վերաբերյալ լսումների ժամանակ արեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ իրենց կանխատեսումներով՝ 2017-ին գնաճը 2.5% էր, և այն գրեթե համընկել է տարեկան փաստացի գնաճին՝ 2.6%, որը նվազագույն թույլատրելիի մոտ է։
ԿԲ նախագահը ներկայացրեց հարևան պետություններում գնաճի ցուցանիշները, որոնք գերազանցում են ՀՀ-ում գնաճին, և նշեց, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2016-ին կազմել է 2013-ի 94%-ը, իսկ 2017 թ. համար գնահատվել է, որ վերականգնվել է, մինչդեռ մյուս երկրներում՝ դեռ ոչ։ Ա.Ջավադյանը նշեց, որ 2 տարի շարունակ գնաճային սպասումները նվազել են, նվազել են վարկային տոկոսադրույքները, ապադոլարիզացիա է եղել, դրամի նկատմամբ վստահությունն էապես բարձրացել է, սակայն ներկայումս հարկային փոփոխություների հետևանքով գնաճային սպասումներն ավելացել են. «Մենք այդ սպասումները միանշանակ համարում ենք գերագնահատված»։
Ա.Ջավադյանի խոսքով՝ ԿԲ ուսումնասիրության համաձայն՝ 2017 թ. դեկտեմբերի 20-ից 2018 թ. հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, չնայած դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճին, 2018 թ. հունվարի գնաճը կլինի նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակներում։ Ամբողջ 2018 թ. համար այդ փոփոխությունները, ներառյալ՝ երկրորդային ազդեցությունները, ԿԲ նախագահի կարծիքով՝ գնաճին նպաստելու են մոտ 1%-ային կետով, իսկ վարչարարության խստացման ազդեցությունը 0.3% է, այսինքն՝ ընդհանուր առավելագույնը 1.3% է։
«Դրամավարկային կառավարման տեսակետից գնաճը կառավարելի է»,- հայտարարեց Ա.Ջավադյանը՝ հավելելով, որ չհիմնավորված սպասումներից կտուժի հենց հասարակությունը։