Մեդվեդևը նշել է դաշնակահար Տիգրան Ալիխանյանի առանձնահատուկ երաժշտական տաղանդը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Ալիխանյանին շնորհավորել է 75-ամյա հոբելյանի առթիվ: Շնորհավորական հեռագրի տեքստը հունվարի 22-ին հրապարակված է նախարարների կաբինետի կայքում։
«Դուք օժտված եք առանձնահատուկ երաժշտական ձիրքով, կարողանում եք հանդես գալ դասական եւ ժամանակակից դաշնամուրային ստեղծագործությունների տպավորիչ մեկնաբանություններով: Ձեր կատարմամբ Բեթհովենի, Շուբերտի, Չայկովսկու, Ստրավինսկու եւ Շոստակովիչի ստեղծագործությունները խորապես հուզում եւ զմայլում են միլիոնավոր մարդկանց: Ձեր մեջ զարմանալի կերպով միահյուսված են երաժշտի եւ մանկավարժի տաղանդը»,-ասված է, մասնավորապես, վարչապետի շնորհավորանքում:
Տիգրան Ալիխանյանը դաշնակահար է, մանկավարժ, պրոֆեսոր, 1971 թվականից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային անսամբլի եւ քառյակի ամբիոնում, 1992 թվականից ամբիոնի վարիչն է: 2005-2009 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:
Հավելենք, որ Տիգրան Ալիխանյանը հայտնի ֆիզիկոս Աբրահամ Ալիխանյանի որդին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: