«Նրա և՛ մարդկային, և պրոֆեսիոնալ գծերը մենք տեսանք՝ անմիջականորեն շփվելով նրա հետ». Դավիթ Բաբայանը՝ Արմեն Սարգսյանի մասին
«Արմեն Սարգսյանին մենք վաղուց ենք ճանաչում։ Երբ Արցախի պատվիրակությունն այցելել էր Մեծ Բրիտանիա, այնտեղ մենք ծանոթացել ենք նաև Արմեն Սարգսյանի գործունեությանը։ Նա շատ բարձր մակարդակով, պրոֆեսիոնալ ձևով կազմակերպել է բազմաթիվ հանդիպումներ, միշտ եղել է մեզ հետ, այսինքն՝ նրա և՛ մարդկային, և պրոֆեսիոնալ գծերը մենք տեսանք՝ անմիջականորեն շփվելով նրա հետ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Շատ բարձր ենք գնահատում և՛ նրա աշխատանքը, և՛ մարդկային որակները։ Այսինքն՝ ողջունում ենք, որ նման թեկնածու են առաջադրել, և, եթե նա ընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում, Արցախի հետ կապերն ու հարաբերությունները հատուկ տեղ են զբաղեցնելու նաև իր աշխատանքում»,- նկատեց Բաբայանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանն ասել է. «…Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը և, իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել»։
Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե այդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն արդեն կա՞։
«Պայմանավորվածությունը ժամանակը ցույց կտա, եթե նա ասում է, որ ցանկանում է հանդիպել, ապա որևէ խնդիր չի լինի։ Արցախում իրեն գիտեն, հարգանք են տածում նրա նկատմամբ։ Համոզված եմ, որ ընտրվելու դեպքում սերտ հարաբերություններ են լինելու նաև Արցախի հետ»,- ի պատասխան՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։