«Արմեն Սարգսյանին նշանակելով՝ իշխանությունները կնպաստեն նրան, որ այդ արևմտյան ֆինանսական ռեսուրսները ներհոսեն Հայաստան». Էդգար Վարդանյան
«Փորձում են ցույց տալ՝ իբր նոր նախագահի հիմնական դերակատարությունը լինելու է հենց այն, որ հակակշռի ապագա վարչապետի կողմից իրականացվող պրոռուսական քաղաքականությանը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն է առաջարկել ՀՀ նախագահի պաշտոնում:
Է. Վարդանյանը չի գտնում, որ այս ամենի հիմքում կա իրականությանը համապատասխանող բան. «Այն ավելի շատ քարոզչական տեխնոլոգիա է և ուղղակիորեն միտված է հանրության բողոքը զսպելուն: Մյուս կողմից էլ՝ այդ քարոզչական քայլը նաև ուղղված է արտաքին աշխարհին, որ տեսեք՝ մենք Ռուսաստանից կախված չենք, մենք հավասարակշիռ քաղաքականություն ենք վարում և պատրաստ ենք Արևմուտքի հետ լավացնել հարաբերությունները, ԵՄ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում մենք պատրաստակամ ենք լուրջ քայլեր իրականացնել, ու տեսեք՝ նախագահն էլ, որը Արևմուտքում երկար տարիներ աշխատած, Արևմուտքի կողմից ընկալելի մարդ է, որպես նախագահ՝ կարող է վերահսկել այդ գործողությունները, և խնդիրների դեպքում՝ կահազանգի»:
Է. Վարդանյանը նկատեց, որ դա կարող է բերել արևմտյան որոշակի ֆինանսական ռեսուրսների ներհոսքի. «Ենթադրվում է, որ այդ քայլով իշխանությունները կնպաստեն նրան, որ այդ արևմտյան ֆինանսական ռեսուրսներ ներհոսեն Հայաստան: Պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր քարոզչական ծրագիր ունի պոտենցիալ՝ թեկուզ մասնակիորեն իրականություն դառնալու:
Այսինքն՝ ամեն դեպքում, չի բացառվում, որ որոշակիորեն դա կնպաստի Արևմուտքից ինչ-որ ռեսուրսներ ձեռք բերելուն, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելուն: Իհարկե, նաև չի բացառվում, որ որոշակիորեն ներքին քաղաքականության առումով կարող է թեկուզ փոքր զսպիչ գործոն հանդիսանալ, բայց այդ ամենը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ընդհանուր առմամբ իշխանությունների դիրքերը թուլանան, և հասարակության ճնշումն ուժեղանա: Այսինքն՝ եթե այդ գործոնները չլինեն, այս ամենից դրական առումով ինչ-որ բան ակնկալելը ճիշտ չէ»:
Է. Վարդանյանը կարծում է՝ Ա. Սարգսյանը փորձելու է իրեն ցույց տալ՝ որպես անկախ մարդ. «Նույնիսկ իր առաջին քայլը, որ միանգամից չի ընդունում առաջարկը, դրա մասին էր խոսում: Իհարկե, դա PR քայլ էր նաև, բայց ինքը կփորձի ցույց տալ, որ ինքն անկախ է, ազատ մարդ է, առաջին հերթին՝ մտածում է արդյունավետության մասին, թե որքանով իր գործունեությունն ի նպաստ Հայաստանի կլինի, և այլն: Ակնհայտ է, որ նա փորձելու է օգտագործել իր կապերը, իր ճանաչելիությունն Արևմուտքում: Ես չէի ցանկանա դրանից ավելին ասել, որովհետև դա կլինի ենթադրություն, որը դեռևս որևէ կերպով հիմնավորված չէ: Նա պետք է հասկանա, որ Հայաստանում իրական բարեփոխում իրականացնելու հիմնական խոչընդոտը դե ֆակտո հաստատված քաղաքական ռեժիմն է, այն խաղի կանոններն են, որոնք իրականում գոյություն ունեն քաղաքական համակարգի ներսում, ու եթե դու ոչինչ չես անում դա փոխելու համար, նշանակում է՝ դու մասնակից ես այդ համակարգին»: