«Եթե այդ գործընթացն իրականանա, ապա մենք նոր որակ կստանանք զինադադարի ռեժիմի պահպանման հարթությունում». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հանդիպումն, ըստ Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ շատ կարևոր էր։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առհասարակ ցանկացած նմանատիպ հանդիպում շատ կարևոր է.

«Ակնկալել ինչ-որ արդյունք ներկա ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը շարունակում է իր ֆաշիստական, աննորմալ քաղաքականությունը, իհարկե, անիրատեսական է, բայց նման հանդիպումների ամենակարևոր ներդրումն այն է, որ դրանք ապահովում են բանակցային գործընթացի շարունակականություն, ինչպես նաև՝ խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»։

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ քննարկված կարևոր կետերից մեկը Արցախի նախագահի մամուլի խոսնակը համարում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված հարցը.

«Սա կարևոր տեխնիկական խնդիր է, բայց նաև քաղաքական առումով ամենաքիչ խոցելին։ Եթե այդ գործընթացն իրականանա, ապա մենք նոր որակ կստանանք զինադադարի ռեժիմի պահպանման հարթությունում, որովհետև այդ գրասենյակի ներկայացուցիչները պետք է ավելի հաճախակի մշտադիտարկում կատարեն, վեր հանեն խախտումների քանակը, թե ով է պատասխանատու, որ կողմը պետք է պատասխանատվություն կրի, և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչի մասին մենք միշտ խոսել ենք»։

Նրա խոսքով՝ թեպետ կա առջընթաց, բայց պետք է նաև պատրաստ լինենք, որ Ադրբեջանը տորպեդացնելու է այդ գործընթացը, ինչպես միշտ արել է. «Բայց դա կապ չունի, պետք է շարունակենք այս ուղղությամբ շարժվել»։

Տեսանյութեր

Լրահոս