«Էն ժամանակվանից էդ դեֆեկտները կային, բայց թե ինչո՞ւ էին նման ձևով հանձնել, չգիտեմ». ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահի» հիմնանորոգման համար ընդհանուր առմամբ հատկացվելու է 88.530.320 ՀՀ դրամ գումար: Այս թիվը, սակայն, ընթացքում կարող է փոխվել:
Գյումրու քաղաքապետարանի տրամադրած նախահաշվում նշված է, թե պատկերասրահի որ մասի հիմնանորոգման համար որքան գումար է ծախսվելու:
Պատշգամբի հիմնանորոգում, վերականգնում– 7.400.000
Արտաքին ջրահեռացման համակարգի վերանորոգում- 2.200.000
Արտաքին կոյուղու համակարգի վերանորոգում- 2.500.000
Բակի բարեկարգում, մուտքի սալահատի վերանորոգում- 4.400.000
Պատկերասրահի շենքի վերանորոգում-35.500.000
Բակի վերականգնում, ապակեպատ ցուցասրահի կառուցում-19.000.000
Ջեռուցման համակարգ-6.500.000
Ընդամենը՝ 77.500.000
Նկարների շրջանակներ՝ 294 հատ-2.140.320
Պրոյեկտոր-240.000
Էլեկտրոնային գիդ (ներառյալ՝ ծրագրային ապահովում)-2.250.000
Կատալոգների տպագրություն (երկու հատ՝ Մարիամ Ասլամազյան, Երանուհի Ասլամազյան)-4.200.000
Հուշանվերների արտադրություն-2.200.000
Ընդամենը-11.030.320
Ընդհանուրը-88.530.320
Ո՞վ է հատկացնելու գումարը
«2017 թվականի հոկտեմբերի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է Գյումրու Աբովյան փողոցում արձաններ տեղադրել, նախագահը խոստացել է գումար տրամադրել դրա համար: Քանի որ ժողովուրդն ասաց՝ չենք ուզում արձանների տեղադրում, առաջարկ եղավ «Ասլամազյան քույրերի պատկերասրահի» հիմնանորոգում, տարածքի բարեկարգում, վերազինում: Ամեն ինչ պետք է հավանության արժանանա, նոր ըստ այդմ՝ համապատասխան գործառույթներն իրականացվեն: Ըստ ընթացակարգի գործն առաջ կգնա, կլինի նաև մրցույթի հայտարարում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը:
Վերջինս նաև նշեց, որ պատկերասրահի հիմնանորոգման համար գումարը Գյումրու քաղաքապետին տրամադրելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ասլամազյան քույրերի պատկերասրահի» վերանորոգման վերաբերյալ ինչպիսի՞ կարծիքներ են հնչել վերջերս Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ
Քննարկման սկզբում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը հայտարարեց, որ իրենք լսել են հանրության կարծիքը, որը դեմ է Գյումրու Աբովյան փողոցում արձանախմբի տեղադրմանը, և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ներկայացվել է «Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահի» հիմնանորոգման հարցը:
Ներկայացնում ենք քննարկման մասնակիցների կարծիքները
Գյումրու քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյան. «Սա շատ լավ որոշում է: Նպատակահարմար տարբերակ է, որ գումարներն ուղղվելու են թանգարանի վերանորոգմանն ու վերազինմանը: Ինչպես դուք էլ նշեցիք, մենք էլ նախագահի կողմից քաղաքի օրվա կապակցությամբ ստացանք նվերներ: Խոսքը 5 համակարգիչների, ձայնաուժեղացման համակարգի և հարվածային գործիքների լրակազմի մասին էր»:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյան.
«Երբ Լինսի հիմնադրամի միջոցներով պատկերասրահը վերանորոգվեց, մենք մեծ բացում կատարեցինք: Հիմնադրամի նախագահն այն ժամանակ Արտաշես Թումանյանն էր՝ այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Արտասահմանից շատ հյուրեր էին եկել: Քանի որ պատշգամբի մասին շատ խոսվեց, մենք հյուրերով բարձրանում էինք, սրահներից մեկից պետք է անցնեինք դեպի պատշգամբ, Արտաշես Թումանյանը մոտեցավ ինձ և ասաց. «Հասմիկ ջան, շատվորով չանցնեք: Մի քանիսը թող գնան, մյուսներդ այստեղ մնացեք»: Անորակ աշխատանքի մասին էր խոսքը, որ վատ էին հանձնել պատկերասրահը: Էն ժամանակվանից էդ դեֆեկտները կային, բայց թե ինչո՞ւ էին հանձնել, չգիտեմ»:
Քննարկման ժամանակ նշվեց, որ Ասլամազյանների պատկերասրահն իրոք անմխիթար վիճակում է գտնվում: Երբ 2003-2004 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով պատկերասրահը վերանորոգվեց, շարունակեց իր գործունեությունը: Անցած 14 տարիների ընթացքում այնտեղ որևէ գործ չի կատարվել:
Հանդիպում-քննարկման ժամանակ նշվեց, որ պատկերասրահի ստեղծագործությունների պահպանումը շատ կարևոր է, և երբևէ չի նկատվել, որ այնտեղ 18-20 աստիճան ջերմաստիճան պահպանվի: Կարևորն այն է, որ Գյումրին իր մշակույթով նախագահի կողմից հերթական անգամ ուշադրության արժանացավ:
Վերջում Գյումրու փոխքաղաքապետ Ռ.Սանոյանը նշեց, որ ելնելով հանրային քննարկման արդյունքներից, քաղաքապետը 15 օրվա ընթացքում կընդունի իր որոշումը, այն կներկայացվի հանրությանը, մենք կսկսենք աշխատել: Կկազմվի նախագծահաշվային աշխատանքները և վերջնական գումարի պարզ լինելուց հետո շինարարի մրցույթ կհայտարարվի: Լումաները նույնիսկ իրենց նպատակին են ծառայելու:
Անահիտ Սիմոնյան