«Մեզ մոտ էլ ամռանը կարող է ձյուն գալ. ամեն տիպի վտանգ կա». Կարինե Դանիելյան

«Եղանակը կարծես կարգավորվում է, դա լավ է․ երեկվա ձյունն ինչ-որ ուղղում մտցրեց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ տաք ձմեռը կարող է գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն ունենալ։

Միևնույն ժամանակ՝ նա նկատեց, որ, թեև ծառերը բողբոջել են, բայց չեն հասցրել ծաղկել. «Վտանգն այն էր, որ ծառերը կծաղկեն, հետո ձյուն կգա, ցրտահարություն կլինի, ծաղիկը կկորի։ Չնայած՝ հիշում եմ, որ մի տարի այդպես եղավ, բայց հետո ծառերն ուժ գտան իրենց մեջ և նորից ծաղկեցին։ Հիմա հույս ունեմ, որ որևէ լուրջ վտանգ չենք ունենա։ Եթե եղանակն իր նորմալ հունով շարունակվի, պետք է որ վնաս չկրենք»։

Բնապահպանի խոսքով՝ համամոլորակային կլիմային քաոտիկ վիճակ է, և ամեն տեսակի վտանգ կարելի է սպասել. «Դա պատահականություն չէ․ տասնամյակներ առաջ էկոլոգներն զգուշացնում էին, որ, եթե այսպես շարունակենք քայքայել էկոսֆերան, մոլորակը մեզ ուղղակի չի հանդուրժի։ Կարդինալ փոփոխություններ պետք է լինեն․  մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ և այս գերսպառողական գաղափարախոսությունը պետք է փոխվի։ ՄԱԿ-ն այդ ուղղությամբ մեծ ծրագրեր է իրականացնում, հիմա էլ հսկայական ծրագիր կա՝ Կայուն զարգացում մինչև 2030 թվականը՝ 17 նպատակներով։ Խնդիրն այն է, թե որքանով երկրները դա կիրականացնեն, և մի խումբ մարդկանց շահերը չեն գերակշռի ամբողջ մարդկության շահերից»։

Կարինե Դանիելյանն ընդգծեց՝ Ավստրալիայում հիմա ամառ է, բայց ձյուն է եկել.  «Եթե Ավստրալիայում հնարավոր է, ո՞վ ասաց, որ Հայաստանում հնարավոր չէ, մեզ մոտ էլ կարող է ամռանը ձյուն գալ։ Ամեն տիպի վտանգ կա, և իմ պատկերացմամբ՝ տիեզերքը հիմա ընտրում է՝ որ ազգերը պետք է գնան, որ ազգերը պետք է մնան։ Պետք է մնան այն ազգերը, որոնք բարոյականությունն են դնում հիմքում՝ բնության և միմյանց հանդեպ վերաբերմունքում։ Անկանխատեսելի է ամեն ինչ, և երկարաժամկետ կանխատեսումներ անել հնարավոր չէ։ Տեսեք՝ Կալիֆոռնիայում երաշտ էր, հրդեհներ էին, հետո անմիջապես ջրհեղեղ եղավ»։

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը կայքերից մեկի հետ զրույցում հիշեցրել էր, որ 2015թ. էլ է անոմալ ձմեռ եղել, բայց արդյունքում ունեցել ենք բերքառատ տարի։

Կարինե Դանիելյանը, սակայն, նկատեց՝ 2015թ. դեկտեմբեր ամիսը բավականին ցուրտ էր, մինչդեռ այս տարի այդպես չէ. «2015թ. ՄԱԿ-ը համարել է ամենատաք ձմեռը, կարող է՝ ջերմաստիճանի միջին տվյալները բարձր են եղել, բայց այդպիսի ցուրտ դեկտեմբեր մենք չենք ունեցել»։

Տեսանյութեր

Լրահոս