Կանադական SOTI ընկերությունը հեռացել է Թուրքիայից

Կանադական տեխնոլոգիական SOTI ընկերությունը դադարեցրել է Թուրքիայում իր բոլոր ներդրումները։ Թուրքական Dunya.com համաձայն՝ վերջին տարիներին մանրածախ շուկայի մի շարք միջազգային հսկաներ մեկը մյուսի հետևից փակում են Թուրքիայի իրենց խանութներն ու դադարեցնում ապրանքանիշի գործունեությունը։

SOTI-ն ողջ աշխարհում ունի ավելի քան 17․000 կորպորատիվ  հաճախորդ, համագործակցում է 90-ից ավելի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում՝ «Lenovo», LG,  «Sony», «Huawei»։ 2015թ․ Թուրքիայում իր առաջին օֆիսը հիմնած կանադական ընկերությունը այս երկրից ղեկավարում էր ևս 12 երկրի իր ներկայացուցչությունների գործունեությունը։ Սակայն անցյալ ամիս SOTI-ի կանադական կետրոնը որոշում է ընդունել սառեցնել Թուրքիայում իր բոլոր ներդրումները և տեղափոխվել Արաբական միացյալ էմիրություններ։

2001թ․ պակիստանցի ներգաղթյալ Կառլ Ռոդրիգեսի կողմից հիմնված SOTI-ի արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլրդ դոլար։ Ընկերությունը ունի շուրջ 1000 աշխատակից։ Որոշ ժամանակ առաջ ընկերությունը գնելու մտադրություն էր հայտնել հանրահայտ Microsoft-ը։

Վերջին երկու տարում Թուրքիայից հեռանալու որոշում են կայացրել հոլանդական C&A հագուստի ցանցը, բրիտանական «River Island»  և «Top Shop» ապրանքանիշները, գերմանական «Douglas» կոսմետիկայի ցանցը, կանադական «La Senza» ներքնազգեստի ապրանքանիշը, բրիտանական հսկա «Debenhams»-ը։ Իսպանական «Mango»-ն ևս փակել է Թուրքիայում իր առաջին առևտրի սրահը։ Այդ շարժումը տարածվել է նաև ինտերնետում․ փակվել է Թուրքիային սպասարկող շուրջ 30 մեծ ու փոքր մանրածախ առևտրի հարթակ, որոնց թվում՝ գերմանական հայտնի «Rocket Internet»-ն ու «Limango»-ն։

Տեսանյութեր

Լրահոս