Գյումրիում զինվորի ընտանիքը սեփական տանիք չունի. մայրը խնդրում է տնակ

Ցեխառատ, ծուռտիկ-մուռտիկ, ժանգոտ թիթեղներով շրջապատված փողոցները տանում են Գյումրու ծայրամաս` Անտառավան թաղամաս, որտեղ վարորդներն անգամ հրաժարվում են մուտք գործել…Թափառաշրջիկ շներն այստեղ ամենուրեք են, մարդկանց սովոր են, ցեխերին` եւս: Այս մասին գրում է asparez.am-ը։

Գյումրու հերթական տնակային թաղամասն է` տխրության եւ ձմեռային թախծության մեջ: Ցախեր, փայտի կտորներ, այստեղից-այնտեղից հավաքված արկղեր ու իրեր: Վառելանյութն այստեղ հավաքում են դեռ ամռան օրերից ու ամբարում քայքայված տնակներին կից, իսկ ավելի ճշգրիտ` տնակներիի անկյուններից մեկում…

Տիկին Ալվարդն արագ-արագ տնակ է ուղեկցում եւ մատնացույց անում տնակի դռները: «Մեր եվրոդռներն են»,-ասում է նա: Դռան փոխարեն իրար կից երկար շորեր («ադյալ») են կախված (ադյալ). կիսացուրտ սենյակում դիմավորում է մանկահասակ թոռը` շրջապատված սիրելի կատուներով:

Ընտանիքը չունի անօթեւանույթան կարգավիճակ, բայց փաստացի անտուն է: 1994 թվականին ունցել են սեփական, ժառանգական տունը, որը վաճառել են, տիկին Ալվարդը ստացել է մասնաբաժինը: Կնոջ պատմելով` այդ տարիներին ինքը ծանր հիվանդ է եղել, գումարը ծախսել է դեղորայքի գնման եւ բուժման համար եւ հրաշքով փրկվել եմ մահից:

Տիկին Ալվարդի ամուսինը մահացել է 1996 թվականին: Նա իր 3 երեխաների հետ 2008 թվականից վարձով ապրել է Գյումրու Անտառավան թաղամասի 230/367 տնակում: Միակ որդին, մոր պնդմամբ, ունի առողջական խնդիրներ, ծառայում է Արցախում, զորացրվելու է 6-7 ամիս անց: Մեծ դուստրն ամուսնացած է, ապրում է ՌԴ-ում, իսկ կրտսեր դուստրը մանկահասակ երեխայի հետ ապրում է իր հետ:

Տիկին Ալվարդի խոսքով` միակ եկամուտը պետական նպաստն է` ամսական 23 հազար դրամը: Դեղատներում եւ այլուր ունեն խոշոր պարտքեր: Աշխատանք չունեն, մի կերպ են ապրում: Տիկին Ալվարդն դեռեւս ունի առողջական խնդիրներ: «Իմ թոռն էլ ունի առողջական խնդիրներ, վիրահատելու անհրաժեշտություն կա, բայց գումարի պատճառով չենք կարող գնալ վիրահատության»,-ասում է նա:

2015 թվականի հունվարից, ինչպես պատմում է տիկին Ալվարդը, չեն կարող վճարել տնակի ամսական վարձավճարը` 8 հազար դրամը: Տնակի սեփականատերը ոչ միայն վարձավճարն է պահանջում, այլեւ` տնակն ազատել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Անի Մկրտչյան

Տեսանյութեր

Լրահոս