ԱՄՆ-ի Հավայի նահանգը փոխել է արտակարգ իրավիճակների մասին բնակիչների իրազեկման ընթացակարգը
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները փոխել են արտակարգ իրավիճաների վերաբերյալ նահանգի բնակչության իրազեկման հրահանգը՝ համակարգի սխալ գործելու պատճառով: Այդ մասին հայտնել է USA Today թերթը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների տեղական ծառայության ղեկավար Վեռն Միյագիին:
«Մենք ազդարարման նոր հրահանգ ընդունեցինք խափանումից հետո: Մոտեցող հրթիռի վերաբերյալ թեստային եւ իրական ծանուցումների ակտիվացումը եւ ստուգումն այժմ կիրականացվի ծառայության երկու աշխատակիցների կողմից: Մենք նաեւ կարող ենք մի քանի վայրկյանում չեղարկել ազդարարումը սխալի դեպքում»,- ասել է նա:
Ավելի վաղ հունվարի 13-ին Հավայիում տարածվել էր հաղորդագրություն, թե նահանգի ուղղությամբ թռչում է բալիստիկ հրթիռ, մարդկանց կոչ էին արել հնարավորինս արագ գտնել ապաստարան եւ հավաստիացրել էին, որ դա վարժական տագնապ չէ: Ավելի ուշ ԱՄՆ-ի զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել էր, որ այդ իրազեկումն ուղարկվել էր սխալմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: