Ռուսաստանի ոստիկանները Հայաստանում կարող են հանգստանալ, Եգիպտոսում՝ ոչ
2018 թվականին Ռուսաստանի ՆԳՆ-ը կրճատել է այն երկրների ցանկը, որտեղ կարող են այցելել համակարգի աշխատակիցները
Ռուսաստանի ՆԳՆ-ն հաստատել է այն երկրների ցանկը, որտեղ կարող են արձակուրդներն անցկացնել այս գերատեսչության աշխատակիցները։ Այս մասին, ըստ RBC-ի, տեղեկացնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ հղում անելով ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի կողմից 2017-ի դեկտեմբերի վերջին ստորագրված հանձնարարականին։
Այսպես, Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցներին թույլատրվել է 2018 թվականին արձակուրդն անցկացնել 13 երկրներում։ Դրանց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև միջազգայնորեն չճանաչված Հարավային Օսիան և Աբխազիան։
Հեռավոր արտասահմանի երկրներից ցանկում ներառվել են ընդամենը երեքը՝ Վիետնամը, Չինաստանը և Կուբան. այս երկրներում կարելի է ծովափնյա հանգիստն անցկացնել տարվա բոլոր եղանակներին։
Ցանկից դուրս են մնացել Թուրքիան, Եգիպտոսը, Մարոկկոն, Թունիսը, Թաիլանդը և մի քանի այլ երկրներ, որտեղ թույլատրված էր այցելել 2015 և 2016 թվականներին։
Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով երկրների ռազմաքաղաքական, սանիտարա-համաճարակային, բնակլիմայական հանգամանքները և հանցավորության մակարդակը։
Նշենք, որ ՌԴ ՆԳՆ աշխատակիցների թիվը մոտավորապես 750 հազար է։ Չի բացառվում, որ Թուրքիայի, Եգիպտոսի և զբոսաշրջային մյուս ուղղությունները փակելը անուղղակիորեն նպաստի Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի աճին։