Ծանր հարված գյուղացիներին. թունաքիմիկատները կթանկանան մինչև 40 տոկոս․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան:

Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը՝ բարձրորակ եւ թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-ից 20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությունն է: Մտավախություն կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծողները առիթից կօգվեն եւ թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20 տոկոսով, այլ մինչեւ 40 տոկոսի կհասցնեն:

Հայաստանում թունաքիմիկատի շուկայի շուրջ 50 տոկոսը պատկանում է Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապ ունեցող «Նատալի ագրո» ընկերությանը: «Նատալի ագրո»-ն հանդիսանում է թունաքիմիկատ արտադրող եվրոպական հեղինակավոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, որոնք բարձր որակի եւ թանկ ապրանքատեսակ են առաջարկում, սակայն դրանց հետ միասին չինական թունաքիմիկատների մի ողջ զինանոց է ներկրվում Հայաստան:

Հաջորդ խոշոր ներկրողներն են «Հրաշք այգի» եւ «Արտագրո» ՍՊԸ-ները: Նշենք, որ հինականում գյուղացիներն օգտվում են մոլախոտի, միջատների եւ սնկերի դեմ պայքարի համար նախատեսված թունանյութերից:

Գյուղացիներին սպասվող մյուս դժվարությունը կապված է պարարտանյութի եւ դիզելային վառելիքի սուբսիդավորման վերացման հետ: Մինչեւ նախորդ տարի կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի եւ դիզելային վառելիքի համար, սակայն նախորդ տարեվերջին որոշում կայացվեց, որ 2018 թվականից սուբսիդավորում չի լինելու: Մեկ պարկ պարարտանյութի ամենացածր գինը, որ կկարողանան գյուղացիները ձեռք բերել, կլինի 7-ից 8 հազար դրամը՝ նախկին 6 հազար դրամի փոխարեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս