«Ինչ անում են, հարգանքի է արժանի, բայց մենք ունենք մեր ձևը». Միքայել Մելքումյանը՝ «Ելքի» երթին միանալ-չմիանալու մասին

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրելը գնաճը մեղմելու հարցով:

168.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, խոսելով տեղի ունեցած խորհրդակցության մասին, նշեց, որ այն, որ գնաճը պետք է զսպեին, պարզ էր:

Նա նկատեց, որ իրենք դրա մասին խոսում էին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին. «Խորհրդարանում ես մի այսպիսի խոսք ասացի՝ «վայելենք գնաճի թշվառնությունն ու բերկրանքը», այսինքն՝ կառավարությունը պետք է կանխատեսեր, որ այսպես է, չեմ կարծում, թե կառավարության համար զարմանալի էր, որ պետք է գներն աճեին, բայց հիմա ինչ եղել, եղել էր»:

Մ. Մելքումյանը երեք տարբերակ է առաջարկում՝ կա՛մ պետք է թոշակներն ու աշխատավարձերը բարձրացվեն, կա՛մ պետք է ուղղակի սուբսիդավորեն շատ բաներ, կամ եկամտահարկն իջեցնեն. Նա նշեց, որ ինքն այսօր եկամտահարկի իջեցման օրենքի նախագիծ է ներկայացրել, որը պետք է քննարկվի տնտեսական հանձնաժողովում. «Օրինակ, այս սեղմած գազի մասով բոլորի վրա ազդելու է, տաքսու վարորդներն օրվա ընթացքում 700-800 դրամ տուժելու են, այսինքն՝ եթե տաքսու վարորդն օրվա մեջ աշխատում էր 3500 դրամ, այսօր կաշխատի 2700-2800 դրամ: Այսինքն՝ 25-30 հազարով տաքսու վարորդներն աղքատանալու են: Դրա համար պետք է նայել և՛ գործարարների շահութաբերությունը, և՛ հարկային բեռի ազդեցությունը, ճիշտ գնահատել և լուծումներ տալ: Մի տարբերակ մենք առաջարկել ենք՝ եկամտահարկի իջեցնում, հիմա տեսնենք՝ ինչ կլինի»:

Կարդացեք նաև

Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում՝ այն, որ նախագահը խորհրդակցություն անցկացրեց, որևէ ազդեցություն կունենա՞, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ, եթե տեսնենք, որ գները սկսել են ինչ-որ չափով իջնել, ուրեմն՝ ազդեցություն է ունեցել. «Դա կտեսնենք այն ժամանակ, երբ գնագոյացման շարժը տեսնենք, տեսնենք, թե ինչ է տեղի ունենում գների հետ»:

Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքն ընդդեմ թանկացումների երթ է անցկացնելու հունվարի 19-ին: Մենք Մ. Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ իրենք էլ միանան «Ելքի» երթին:  Ի պատասխան՝ Մ. Մելքումյանն ասաց. «Մենք եղանակի կանխատեսում չենք անում, թե ինչ է լինելու: Մենք այդ հարցը չենք քննարկել, և այնպես չէ, որ միայն երթերով է: Մենք հարգում ենք իրենց որոշումը, ինչ անում են, հարգանքի է արժանի, բայց մենք ունենք մեր ձևը, մեր գործունեության ոճը, մեր ծրագրերով շարժվում ենք առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս