Բաժիններ՝

Թրամփի՝ ափամերձ տարածքներում հորատման նախագիծն ու դրա թերությունները

Դեռևս անցած տարվա ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագիր էր ներկայացրել, առաջարկելով ԱՄՆ-ի բոլոր ափամերձ տարածքները վարձակալության տրամադրել հորատման համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի ներքին հարցերով վարչությունը, որը զբաղվում է դաշնային կառավարությանը պատկանող տարածքների ու բնական ռեսուրսների վերահսկմամբ, ծրագրում է Ամերիկայի բոլոր ափամերձ ջրային տարածքները հասանելի դարձնել նավթի հորատման համար՝ այդ թվում նաև Կալիֆոռնիան և Ֆլորիդան:

Նույնիսկ նախքան հինգշաբթի օրն այս հայտարարության հրապարակումը, ծովային էկոհամակարգը նավթի արտանետումներից զերծ պահելու համար տարիներ շարունակ պայքարած ակտիվիստները արդեն իսկ դեմ էին հանդես եկել ափամերձ ջրերում հորատմանը:

Առաջարկվող հնգամյա ծրագիրը շատ ավելի թանկ արժե քան այն մեկը, որը նախագահ Դոնալդ Թրամփն էր ներկայացրել անցած տարվա ապրիլին:

Ներքին հարցերով վարչությունը նախատեսում է ԱՄՆ-ի ափամերձ ջրերում 47 տարածքներում հորատման աշխատանքների իրավունքի համար աճուրդ անցկացնել:

Ներքին հարցերի վարչության պետ Ռայան Զինքը ասել է,- «Սա ԱՄՆ-ի էներգետիկ գերակայության և երկրի ափամերձ տարածքների օգտագործման ու զարգացման սկիզբն է»;

Ծրագրի նախնական տարբերակը առաջարկում է հորատման համար վարձակալության տալ ջրային 26 տարածքներից 25-ը, ներառյալ Արկտիկայի, Խաղաղ օվկիանոսի և Ատլանտյան օվկիանոսի տարածքները:

Կենսաբանության բազմազանության կենտրոնի գիտնական Ջոն Ֆլեմինգը ասում է,- «Ափամերձ ջրերը հորատման համար տրամադրելու դեմ Կալիֆոռնիայում արդեն աշխատանք ենք տանում և նախատեսում ենք փետրվարին մեծ ներկայություն ունենալ Սաքրամենթոյում այս խնդրի շուրջ լսումների ժամանակ»:

Թրամփի վարչակազմը մեծ ջանքեր պետք է գործադրի այս ծրագիրն առաջ տանելու համար՝ հաշվի առնելով վերջին տարիներին Կալիֆոռնիայում և Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքն ու տեղի ծովային կյանքին, թռչուններին և տնտեսությանը հասցված վնասը:

Նույնիսկ Թրամփի աջակից Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը արդեն իսկ հայտարարել է, որ կպայքարի Ֆլորիդայի ափամերձ տարածքում հորատման որևէ փորձի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս