Բաժիններ՝

Ի՞նչ է արվել 2017-ին գյուղոլորտում և ի՞նչ է սպասվում 2018-ին. ամփոփում է Իգնատի Առաքելյանը

168.am-ը տարվա հույսերն ու հույզերն ամփոփել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ

– Պարոն Առաքելյան, ո՞րն է 2017թ. ձեռքբերումն ու չլուծված կամ ծագած խնդիրը:

– Թեև խնդիրներ քիչ չեն եղել 2017 թվականին, բայց նաև բավականաչափ աշխատանք է կատարվել, և կան շատ անելիքներ, որպեսզի առաջիկայում հասնենք մեր վերջնական նպատակին: Ամեն դեպքում, մենք փորձում ենք գյուղատնտեսության ոլորտում իրավիճակ փոխել և ամուր նախադրյալներ ու նոր հնարավորություններ ստեղծել արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման համար, քանի որ հավատացած ենք, որ այս ոլորտը Հայաստանում աշխատանքի ճիշտ կազմակերպման և թիրախային աջակցության շնորհիվ՝ վստահաբար եկամտաբեր է: Մշակել ենք ոլորտի զարգացման ծրագրերի փաթեթ, որն իրոք աննախադեպ է, քանի որ նախկինում նման ծավալի և նման պայմաններով առաջարկներ գյուղացիական տնտեսություններին չեն ներկայացվել:

Մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու և վերամշակող ընկերությունների կողմից ֆինանսական պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու նպատակով 2017-ի սեպտեմբեր ամսից պիլոտային ծրագիր ենք սկսել, որի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվեցին 3 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր, 16 վերամշակող ընկերություններ արդեն ստացել են մոտ 1.2 մլրդ դրամի վարկեր:

Այդ վարկերը նպատակաուղղվում են բացառապես մթերվող խաղողի և պտուղ-բանջարեղենի արժեքի վճարմանը: Այսինքն` վարկերը տրամադրվում են վերամշակող ընկերություններին, սակայն գումարը փաստացի ստանում է գյուղացին` մթերված բերքի դիմաց: Արդյունքում` 2017 թվականին կատարված մթերումների դիմաց վճարումները մոտ 90 տոկոսով իրականացված են, մնացած գումարները կնքված պայմանագրերի և վճարման ժամանակացույցերի համաձայն՝ աստիճանաբար կմարվեն:

Պետական սուբսիդավորման մեկ այլ ծրագրով առավել մատչելի են դարձել սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները. գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն ունեն ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր, իսկ սոցիալական աջակցություն ստացող համայնքների և գյուղացիական կոոպերատիվների տոկոսադրույքն էլ ավելի ցածր է` ընդամենը 3 %: Օպերատիվ տվյալներով` շահառուներին արդեն տրամադրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ գումարի 557 միավոր վարկ, ընթացքի մեջ է շուրջ 1.4 մլրդ դրամի գումարով ևս 288 միավոր վարկի տրամադրման քննարկումը:

Կուզենայի առանձնացնել նաև գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որը տարեսկզբին արդեն հաջողեցինք իրականացնել, այն նպատակաուղղված է հանրապետության հնամաշ գյուղտեխնիկայի պարկի թարմացմանը:

Ծրագիրն աննախադեպ` ընդամենը 2 % լիզինգային տոկոսադրույքով հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից գյուղտեխնիկա: Ըստ օպերատիվ տվյալների` ծրագրի շրջանակում տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2018-ին։

– Հուսով եմ, որ 2018 թվականը գյուղատնտեսության համար ավելի բարենպաստ կլինի: Բացի այդ, այս տարվանից գյուղատնտեսությունում ևս 3 նոր ծրագիր է մեկնարկելու` կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը, բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների մեղմմանը, ոռոգման ժամանակակից եղանակների ներդրմանը, ցածր բերքատու այգիների փոխարինմանը բարձր բերքատու, արտահանող և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիներով:

Առավել ընդլայնված ծավալներով կշարունակվի մթերման վարկերի ծրագիրը: 2018 թվականից սկսած վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150.0 մլն դրամից կբարձրացվի մինչև 1.0 մլրդ դրամ: Մատչելի տոկոսադրույքով վարկերի և գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրերը նույնպես կիրականացվեն, ինչպես արդեն նշեցի, ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրն ենք սկսելու: Այլ նախաձեռնություններ ու ծրագրեր նույնպես քննարկվում են, որի մասին ընթացքում կիրազեկենք:

– Եվ տարվա հարցը՝ մի՞ս, թե՞ կարտոֆիլ։

– Ըստ նախասիրության (ժպտում է.- Գ.Խ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս