Մոսկվայի գրեթե 80 թանգարաններ անվճար կաշխատեն ամանորյա տոներին
Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի շուրջ 77 թանգարաններ հունվարի 2-ից մինչեւ 7-ն անվճար բաց կլինեն այցելուների համար: Այդ մասին հաղորդվում է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլխի եւ կառավարության պաշտոնական պորտալում: «Ամանորյա տոներին Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի 77 թանգարաններ կաշխատեն անվճար:
Ցանկացողներն առանց տոմս գնելու ամենահետաքրքրական եւ արդիական ցուցահանդեսներ այցելել կկարողանան հունվարի 2-ից մինչեւ 7-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նոր Մանեժի այցելուները կկարողանան լինել «Անընդգրկելի Ռյազանովը» ցուցահանդեսում, որը նվիրված է ռեժիսոր Էլդար Ռյազանովի 90-ամյակին:
Մարինա Ցվետաեւայի թանգարանում կլինի «Որտե՞ղ է իմ տունը» ցուցահանդեսը՝ նվիրված բանաստեղծուհու 125-ամյակին. ցուցադրանքում կներկայացվեն նրա աշխատանքային տետրերը, գրառումներն ու նոթագրությունները, ապագա ստեղծագործությունների պլաններն ու սեւագրությունները: Թեմատիկ ցուցահանդեսների թվում անվճար կարելի կլինի այցելել «Ձմեռային գեղադիտակ» ցուցադրանք Վիսոցկու տանը Տագանկայում:
Ա.Ն. Սկրյաբինի թանգարանում հունվարի 6-ին կկայանա Ալեքսանդր Սկրյաբինի անվան կրթաթոշակի մրցութային ունկնդրման դափնեկիրների եւ դիպլոմանտների գալա-համերգը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան օրվա տարեդարձին: Այդ օրերին անվճար բաց թանգարանների թվում են Հնագիտության թանգարանը, Գիլյարովսկու թանգարանա-ցուցահանդեսային կենտրոնը, ԳՈՒԼԱԳ-ի պատմության թանգարանը, Ա.Ս. Պուշկինի հուշաբնակարանը, Ն.Վ. Գոգոլի տունը, Մոսկվայի Ս.Ա. Եսենինի պետական թանգարանը, Նորաձեւության թանգարանը, Վ.Վ. Մայակովսկու պետական թանգարանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: