«Թուրքիայի ներկայիս վիճակից դուրս գալու համար կա նաև Աբդուլլահ Գյուլի կարիքը». Փայլան
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի աջակցությունն ու օգնությունը խիստ կարևոր է՝ դուրս բերելու երկիրն այն վատ վիճակից, ուրում այն գտնվում է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Թուրքական հեռուստաալիքներից մեկին հյուրընկալված Փայլանը նշել է, որ ներկայում երկիրն այնպիսի կործանման մեջ է, որ իրենք ցանկացած ձայնի կարիք ունեն: Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք այդ անձանց շարքում է նաև նախկին նախագահ Գյուլը՝ հայ պատգամավորն ասել է. «Իհարկե կարիքը կա: Այժմ մի այնպիսի ժամանակաշրջանում ենք, որտեղ պետք է բոլորը պատասխանատվություն վերցնեն: Երկիրը խավարի մեջ է խրվում: Աբդուլլահ Գյուլը ժամանակին նախագահ է եղել, այս երկրի քաղաքական գործիչներից է: Անհրաժեշտ է, որ նա էլ պատասխանատվություն վերցնի իր վրա»:
Փայլանը համոզմունք է հայտնել, որ այն պտտահողմից, որում այժմ գտնվում է երկիրը, կամ իրենք դուրս կգան կորուստներով, մարդկանց մահերով, տնտեսությունը կործանելով, կամ գործի կդնեն մի առաջարկ, որը թույլ կտա արագ կարգի բերել ամեն բան: