Բաժիններ՝

«Լիդիան Արմենիա»-ն հողի վարձակալության համար տեղի համայնքներին վճարել է շուրջ 863.000 դոլար

Յուրաքանչյուր տարվա վերջում «Լիդիան Արմենիա»-ն հրապարակում է Ամուլսարի հարակից համայնքների տեղական բյուջեներ վճարված գումարները՝ որպես թափանցիկ աշխատելու պարտավորության մի մաս: «Լիդիան Արմենիա»-ի հայտարարության մեջ ասված է.

«2017թ.-ին «Լիդիան»-ը վճարել է մոտ 863 300 ԱՄՆ դոլար Ջերմուկ, Զառիթափ և Գորայք համայնքներին, որից՝
Ջերմուկ – 318 744 ԱՄՆ դոլար
Զառիթափ – 290 694 ԱՄՆ դոլար
Գորայք – 253 845 ԱՄՆ դոլար:

Սրանք ուղղակի կատարված վճարումներն են համայնքների տեղական բյուջեներ՝ Ամուլսարի Ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց:

2017թ.-ին Ամուլսարի հարակից Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքները դարձան խոշորացված Ջերմուկ, Զառիթափ և Գորայք համայնքների մաս: Մինչև համայնքների խոշորացումը «Լիդիան»-ը վճարում էր հողի վարձակալության վճարները Գնդեվազ, Սարավան, Գորայք համայնքներին: Սկսած 2008թ.-ից Լիդիանն ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար է վճարել նշված համայնքներին: Համայնքների խոշորացման արդյունքում այժմ վճարները ուղղվում են ավելի խոշոր համայնքներ՝ Ջերմուկ (ներառում է Գնդեվազը), Զառիթափ (ներառում է Սարավանը) և Գորայք: Այս վճարները հնարավորություն են ստեղծել համայնքներին իրականացնել ենթակառուցվածքների վերանորոգման տարբեր ծրագրեր, ինչպես օրինակ՝ ճանապարհների, ոռոգման համակարգերի, դպրոցների և այլ տեղական ենթակառուցվածքների բարելավում, ջրամատակարարում, փողոցների լուսավորություն և այլն:

Կարդացեք նաև

«Լիդիան Արմենիա»-ն նաև խրախուսում է համայնքներին այդ գումարները ներդնել ընկերության կողմից իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերում՝ ակնկալելով մասնակի ֆինանսավորում նաև համայնքների կողմից:

Ամուլսարի ծրագիրը դեռևս չի սկսել արտադրությունը, բայց շինարարության այս ակտիվ փուլում Ծրագրի տնտեսական ազդեցությունը տարածաշրջանի վրա արդեն ակնհայտ է: Ամուլսարի ծրագրում այս պահին աշխատում է ավելի քան 1400 մարդ, որից 482-ը հարակից համայնքներից են:

«Լիդիան Արմենիա»-ն հպարտ է, որ արդեն Հայաստանի խոշորագույն 20 հարկատուների շարքում է՝ համաձայն պաշտոնական վիճակագրության: Հաշվի առնելով, որ Ամուլսարի ծրագիրը դեռևս չի սկսել արդյունահանումը, այն փաստը, որ «Լիդիան»-ն արդեն 19-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում, ի ցույց է դնում Ամուլսարի ծրագրի շինարարության զգալի տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև՝ «Լիդիան»-ի պատասխանատու և օրինակելի ընկերություն լինելը:

Տարածաշրջանում տնտեսական ակտիվության մեկ այլ ցուցանիշ է «Լիդիան Արմենիա»-ի և կապալառուների կողմից իրականացվող տեղական գնումների կայուն աճը: Տեղական գնումների վրա Ամուլսարի ծրագրի ծախսված գումարը 2017թ.-ի մարտից աճել է ամսական 54 000 ԱՄՆ դոլարից մինչև ավելի քան 325 000 ԱՄՆ դոլարի 2017թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս