![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանում այս անգամ ևս ազատ ընտրություն չեղավ». Արտակ Զեյնալյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/Artak-Zeynalyan-1.jpg)
«Եթե սկսենք ասել, թե այս տարի որ իրավունքներն են խախտվել, ավելի հեշտ կլինի ասել, թե որոնք չեն խախտվել, ու երևի չգտնենք այնպիսի իրավունք, որ խախտված չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ բոլոր իրավունքները կարող են խախտվել, բայց եթե չկան այդ իրավունքների խախտման իրավական պաշտպանության միջոցները, անիմաստ է դառնում մյուս իրավունքների պաշտպանությունը. «Շատ մտահոգիչ է անձնական ազատության իրավունքի վիճակը Հայաստանում՝ կալանքները, ձերբակալությունները, պահման պայմանները քրեակատարողական հիմնարկներում: Անմարդկային վերաբերմունք է համատարած: Եթե անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, կարելի է ասել՝ արդեն անվիճելի է, որ նա ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, այն պայմանները, որ կան, դրանք անմարդկային են»:
Ա. Զեյնալյանը նկատեց, որ անցնող տարին նաև ընտրական տարի էր. «Կուզեի առանձնացնել նաև ընտրական իրավունքի ընդհանուր խախտումը: Հայաստանում այս անգամ ևս ազատ ընտրություն չեղավ, որովհետև դրա բաղադրատարրերից մեկը խախտված էր՝ կամքի ազատ ձևավորումը: Եթե կամքի դրսևորման արձանագրման հետ կապված մենք մեծ խնդիրներ չունեցանք, ապա կամքն ազատորեն չի ձևավորվել, ընտրակաշառքը համատարած բնույթ է կրել, վարչական ռեսուրսը մեծապես ազդել է ընտրական կամքի ձևավորման վրա, միևնույն ժամանակ, քաղաքական ուժերն ազատության պայմաններում չեն գործել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: