Morgan Stanley-ն բիթքոյնի փոխարժեքի զրոյացման հավանականություն է տեսնում
Բիթքոյնի արժեքը կարող է իջնել մինչեւ զրո, եթե գաղտնարժույթը չսկսի օգտագործվել որպես վճարամիջոց: Այս կարծիքը հայտնել են Morgan Stanley բանկի վերլուծաբանները։
«Եթե ոչ ոք բիթքոյնները չընդունի վճարումներ իրականացնելու համար, դրանց արժեքը կհավասարվի զրոյի»,- բանկի վերլուծաբան Ջեյմս Ֆոսթերի խոսքը մեջբերում է Business Insider հրատարակությունը: Ներկայում, Morgan Stanlеy-ի տվյալներով՝ աշխարհի 500 խոշորագույն ինտերնետ-խանութներից բիթքոյն են ընդունում սոսկ երեքը: Փորձագետները նաեւ նշում են գաղտնարժույթով առեւտրի փոքր ծավալը:
Ամեն օր արժույթի համաշխարհային շուկայում իրականացվում են 5,4 տրիլիոն դոլարի գործառնություններ, մինչդեռ գաղտնարժույթով առեւտրի ծավալը կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 26-ին բիթքոյնի փոխարժեքը աճել է 9 տոկոսով եւ ներկայումս կազմում է 15 033 դոլար՝ CoinDesk-ի տվյալներով: Դեկտեմբերի 24-ին սակարկությունների ընթացքում գաղտնարժույթի արժեքն ընկել էր 14 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: