Բաժիններ՝

«Ծաղկաձորի հյուրանոցները 97 տոկոսով ծանրաբեռնված են»

Հյուրանոցներով, հյուրատներով հարուստ Ծաղկաձոր քաղաքը դեռ ձմռան մեկնարկից առաջ պատրաստ էր սեզոնի զբոսաշրջային հոսքին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հովհաննիսյանը, զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի հազարներով է աճում:

«Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ Ծաղկաձորը զբոսաշրջիկների պակաս չի զգում: Վերջին տասը տարվա ընթացքում նրանց թիվը հազարներով է աճում: Եթե տարիներ առաջ ձմեռային սեզոնին մենք ընդունում էինք 5-10 հազար զբոսաշրջիկի, ապա հիմա արդեն այդ թիվը 50-60 հազար է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Այս տարի Ծաղկաձորը նախորդ տարվանից ավելի զբոսաշրջիկների է սպասում: Քաղաքապետի խոսքով, այս տարի այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արվել: Նախ` քաղաքում ենթակառուցվածքներն են բարելավվել, նոր սահուղիներ են բացվել, եղածները լուսավորվել:

«Այս սեզոնին մի քանի առաջնություններ ունենք` դահուկային, լեռնադահուկային: Դահուկային սպորտի ֆեդերացիան անցկացնում է նաև մրցաշարեր Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս բոլոր միջոցառումները նպաստում են այցելությունների ակտիվացմանը»,- ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ ակտիվ աշխատում են տուրիստական ընկերությունների հետ: Թիրախավորել են ռուսական շուկան, արդյունքները սպասեցնել չեն տալիս: Ծաղկաձոր այցելում են նաև Բելառուսից Ղազախստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ծաղկաձորում հանգստանալը թանկ հաճույք է, քաղաքապետը նշեց, որ ամեն գնային առաջարկներ էլ ունեն: «Եթե ուզում են 5 աստղանի հյուրանոցում հանգստանալ, իհարկե, թանկ է, բարձրորակ ծառայությունները բարձր գին արժեն: Բայց մեր քաղաքում կան բազմաթիվ այլ առաջարկներ, որոնք մատչելի են: Մեզ մոտ կան առաջարկներ, որոնք սկսում են 5 հազարից և հասնում են 60 հազար դրամի: Այո, Ամանորին մի քիչ թանկ է, որովհետև փաթեթային տարբերակներ են առաջարկվում՝ գալա համերգով, տոնական ընթրիքով: Ես կարող եմ ասել, որ այսօր մեր քաղաքի հյուրանոցները 97 տոկոսով ծանրաբեռնված են»,- հավելեց նա:

Ձմռան սեզոնին զբոսաշրջիկների ակտիվություն նկատվում է նաև Ջերմուկում: Քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գործող ճոպանուղին, սահուղիներն այցելուների պակաս չեն զգում:

«Հունվարին բավական ակտիվ է լինում: Եղած հնարավորություններից բացի, մենք բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար: Մասնավորապես, անցկացվում է ձնե քանդակների «Ձնեմարդուկ» փառատոնը: Առողջարանային քաղաք Ջերմուկը՝ բուժական ջրերից բացի տուրիստներին գրավում է նաև էքստերմալ տուրիզմի նոր ծառայություններով: Այս տարի ևս կազմակերպվելու է սառցամագլցում»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Ջերմուկը տարեկան ընդունում է 40-50 հազար այցելուի: Ակտիվ են, թե հյուրանոցները, թե առողջարանները: Քաղաքում հյուրատների թիվն է ավելանում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ արդեն ամանորյա պատվերներ կան, որոշ առողջարաններում ներկայում տեղերը գրեթե զբաղված են:  «Համեցեք Ջերմուկ, այստեղ ունենք հրաշալի պայմաններ` լավ հանգիստ անցկացնելու համար: Յուրաքանչյուրի գրպանին հարմար առաջարկներ կան»,- հավելեց քաղաքապետը:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս