«Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ի վնաս զորակոչիկի են». Արմինե Սադիկյան
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց գրասենյակի պատրաստած՝ «Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» թեմայով զեկույցը։
Արմինե Սադիկյանն ասաց, որ ամեն տարի և ամեն զորակոչին իրենց դիմող քաղաքացիների թիվն էապես աճում է. «Այս տարի մեզ դիմել է 59 մարդ, որոնք եղել են զորակոչիկներ կամ նրանց հարազատները։ Եթե նախորդ տարիներին գերակշռում էին հարազատների դիմումները, հիմա ավելի շատ զորակոչիկներն են դիմում՝ իրենց իսկ իրավունքների պաշտպանության հարցով։ Կազմակերպություն դիմած բոլոր անձանց տրամադրվել է բանավոր իրավական աջակցություն, իսկ մյուս քաղաքացիներին, որոնց գործերով հետագայում անհրաժեշտ է եղել իրավական աջակցություն ցուցաբերել, տրվել է նաև գրավոր աջակցություն։ Մեր աջակցության արդյունքում 7 հոգու տրամադրվել է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում՝ ըստ տարբեր ժամանակահատվածների․ 3 հոգի ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի և ստացել 3 տարի տարկետում, 3 հոգի՝ մինչև 1 տարի ժամկետով տարկետում, և 1 հոգու տրվել է 1 տարի ժամկետով տարկետում»։
Նրա խոսքով՝ 59 անձից 50-ն իրենց դիմել է առողջական խնդիրների պատճառով։ Դրանք, ըստ նրա՝ այն քաղաքացիներն են, որոնք ենթարկվում են բժշկական զննության և համաձայն չեն լինում իրենց առողջության վերաբերյալ տրված եզրակացությունների հետ. «Այդ խնդիրը հիմնականում կապված է նրա հետ, որ, չնայած օրենքով նախատեսված է համալիր բուժզննություն, այն չի իրականացվում բոլոր զորակոչիկների դեպքում։ Տրված բժշկական եզրակացությունները տարբեր բժշկական հաստատությունների կողմից լինում են հակասական։ Այսինքն՝ լինում են հակասական տվյալներ բժշկական փաստաթղթերում, իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ի վնաս զորակոչիկի են, և անմիջապես պիտանի լինելու վերաբերյալ որոշում են կայացնում»։
Նա հիշեցրեց՝ ՀՀ պաշտպանության նախարարի 410 հրամանը սահմանում է հիվանդությունների ցանկը և պիտանելիության չափանիշերը՝ հավելելով, որ տարածված խնդիր է, երբ կիրառվում է ակնհայտորեն ոչ համարժեք հոդված. «Այսինքն՝ բժշկական փաստաթղթերն ասում են մեկ այլ բան, սակայն վերջնական որոշման մեջ տրվում է բոլորովին այլ որոշում, որը հակաօրինական է։ Ոչ միշտ են զորակոչիկի գանգատները հաշվի առնվում բժշկական հանձնաժողովների կողմից։ Բացի այդ՝ երբ զորակոչիկը ցանկանում է ճշտել իր վիճակը քաղաքացիական բժշկական հաստատությունում, նրանց հրաժարվում են բուժզննության ենթարկել կամ բուժզննության ենթարկելու դեպքում հրաժարվում են որևէ տեսակի փաստաթուղթ տրամադրել։ Սա նշանակում է, որ կա հրահանգավորում բժիշկներին ու բժշկական հաստատություններին, որպեսզի զորակոչիկներին չընդունեն կամ չենթարկեն բժշկական զննության»։
Արմինե Սադիկյանը նկատեց՝ տեղի են ունենում նաև շատ ակնհայտ անօրինականություններ, երբ մի քանի անգամ զորակոչիկի մոտ ախտորոշված է լինում որևէ հիվանդություն, իսկ հիվանդությունները պիտանելիության համար որոշվում են՝ ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի, որը շատ սուբյեկտիվ բնույթ է կրում. «Մի բժշկի համար դա կարող է ֆունկցիայի մեկ աստիճան լինել, մյուսի համար՝ մեկ այլ, այսինքն՝ իրավական դաշտը թույլ չի տալիս, որ ավելի հստակ ներկայացվի հիվանդության չափը։ Ֆունկցիայի այդ աստիճանների հետ կապված՝ մեխանիկական փոփոխություններ են լինում ախտորոշումներում։ Եթե ինչ-որ մեկի հիվանդության մեջ նշված է՝ «չափավոր» կամ «խիստ արտահայտված», ապա վերջնական որոշման մեջ փոխարինվում է «աննշան» բառով, որը թույլ է տալիս պիտանելիության որոշակի սահման»։
Այս տարվա տենդենցներից մեկը, ըստ նրա՝ նաև այն է, որ, թեև զորակոչիկներին մեծ մասամբ տրվում են բժշկական փաստաթղթերը, բայց երբեմն հրաժարվում են դա անել, ինչը հնարավորություն չի տալիս զորակոչիկներին՝ ժամանակին բողոքարկել այդ արդյունքները։ «Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 9-ը օրենսդրական կարգավորումների հետ կապված պարզաբանումներ ստանալու համար են դիմել։ Կան նաև ոչ ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են իմանալ՝ արդյո՞ք կարող են զորակոչվել, թե՞ ոչ։ Այս զորակոչի ընթացքում ունեցել ենք դեպք, երբ Ուկրաինայի քաղաքացին ծանուցվել էր՝ ներկայանալու զորակոչման համար նախատեսված բժշկական զննությունների»։