Արա Բաբլոյանն այցելել է Գավառի մանկատուն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 23-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն:
Հյուրերին ջերմությամբ ու սիրով դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:
Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմանների ու խնդիրներին, դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը, սեղանի թենիս է խաղացել երեխաների հետ:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը տեղեկացրել է, որ մանկատանը բնակվում է 60 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 2-ը` բուհերում:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է երեխաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և նշել, որ երեխաների համար լավագույն վայրն ընտանիքն է ու պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ:
Մանկատան սաները խորհրդարանի ղեկավարից ստացել են ամանորյա նվերներ:
Խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: