Բաժիններ՝

ՀՀ առաջին տիկինն այցելել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, նրանց սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը:

Սիրիահայերը չափազանց տպավորված էին Ռիտա Սարգսյանի այցելությունից:

Սփյուռքի նախարարը նշեց, որ հայրենիքում հաստատվելուց հետո սա սիրիահայերի 21-րդ ցուցահանդես-տոնավաճառն է: «2017 թվականի ընթացքում մենք ունեցանք «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական չորս ցուցահանդես-տոնավաճառ: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները Հայաստանում իրենց ապահով և հանգիստ են զգում, շարունակում են ստեղծագործել: Նրանք անգերազանցելի են ասեղնագործության, արծաթագործության, հրուշակագործության բնագավառներում: Սիրիահայերի կողմից պատրաստված յուրաքանչյուր արտադրանք ճաշակով է, օգտակար ու համեղ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին Սփյուռքի նախարարության 2017 թվականի ձեռքբերումների և գալիք տարվա խոշոր ձեռնարկների մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ձեռքբերումները, նշեց, որ համաժողովից հետո լայն քննարկումներ ծավալվեցին Սփյուռքի տարբեր համայնքներում՝ Լիբանանում, Ֆրիանիսայում, ԱՄՆ-ում: «Նախարարության համար նշանակալի իրադարձություն էր Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրումը: Չեմ կարող չառանձնացնել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը Երևանում և Սփյուռքի տարբեր համայնքներում: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը: Ուրախալի էր հատկապես, որ այս տարի «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացին մասնակցեցին ավելի մեծ թվով երիտասարդներ: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը մասնակցություն ունեցան հազարավոր սփյուռքահայեր, հիմա նախարարությունը կյանքի է կոչում սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մի քանի գյուղի համար գտնվել են բարերարներ»,- նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա անդրադարձավ նախարարության կողմից կազմակերպված մի շարք համաժողովներին և միջոցառումներին, ընդգծեց, որ բոլոր ծրագրերը հաջող են անցել: Ներկայացնելով 2018 թվականի անելիքները՝ նախարարը կարևորեց հայրենադարձության ռազմավարության և ծրագրի մշակումը, հայրենադարձության մասին օրենքի լրամշակումը, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների անցկացումը համահայկական ընդգրկմամբ, լրագրողների, ճարտարապետների ու ճարտարագետների, երիտասարդների համահայկական համաժողովների կազմակերպումը:

Ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11.00- 18.00-ը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս