«Մենք կարողացել ենք ձևավորել դինամիկ հասարակություն, հանրային կառույցներ և յուրօրինակ ազատ լրագրություն». Սերժ Սարգսյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին ու ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանմանը: Հանրապետության Նախագահը խոսել է նաև բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում «չորրորդ իշխանության» դերակատարման մասին, ներկայացրել ԶԼՄ-ներից իր ակնկալիքները առաջիկա համապետական կարևորագույն մի շարք միջոցառումների լուսաբանման առումով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն Ամանորի և Սուրբ Ծննդյան
տոների առթիվ ԶԼՄ ներկայացուցիչների համար հրավիրված ընդունելության ժամանակ

Սիրելի՛ բարեկամներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ Բաղրամյան 26-ում՝ արդեն ավանդական դարձած այս տոնական ընդունելությանը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անկախության տարիներին մեր լրատվական դաշտը հեղափոխական փոփոխություններով է անցել: Նախորդ երկուսուկես տասնամյակում մենք կարողացել ենք ձևավորել դինամիկ հասարակություն, հանրային կառույցներ և յուրօրինակ ազատ լրագրություն: Որևէ կասկած չունեմ, որ հասուն և կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու ճանապարհին անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը:
Անցնող տարին լի էր ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններով, որոնք եղել են ձեր լուսարձակների կենտրոնում: Դուք դրանք բազմակողմանիորեն լուսաբանել եք և անհրաժեշտ տեղեկատվությունը հասցրել հասարակության, քաղաքական կուսակցությունների և իշխանությունների ուշադրությանը:

2017 թվականի կարևոր համապետական իրադարձությունը, իհարկե, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն էին: Այժմ հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ ընտրություններն անցան կառուցողական և համերաշխ մթնոլորտում: Ընտրություններն արժանացան մեր հանրության և միջազգային մասնագիտացված դիտորդական կազմակերպությունների դրական գնահատականին՝ արդար մրցապայքարում գծագրելով հաջորդ հինգ տարիների մեր քաղաքական խճապատկերը:
Այդ արդյունքն արձանագրելու գործում մեծ է եղել նաև Հայաստանի լրատվական դաշտի ներդրումը: Այն ճանաչվել է միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, և ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար:

Անշուշտ, եղել են նաև դժվարություններ, անհարթություններ, թյուրըմբռնումներ: Անվրդով ընտրական գործընթաց աշխարհի որևէ երկրում գոյություն չունի, քանի որ մրցապայքարում շիկանում են կրքերը, լարվում են նյարդերը: Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել:

Հարգելի՛ լրագրողներ,

Խորապես համոզված եմ՝ չկան անհաղթահարելի խնդիրներ: Կարևորում եմ բոլոր կողմերի և դերակատարների անկեղծ պատրաստակամությունն առկա խնդիրները բաց քննարկելու և դրանց համար լուծում գտնելու հարցում: Դա հասունության մի յուրատեսակ քննություն է, որը, վստահ եմ, մեր հասարակությունը պատվով է հանձնում: Վստահ եմ, որ բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում ձեր իշխանությունը մեր կյանքում շատ ավելի ընդարձակ դերակատարում է ունենալու, և դուք պատրաստ եք այն ստանձնելու:

Անցնող տարում դուք ակտիվորեն լուսաբանեցիք Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքները: Դրանով հնարավորություն ստեղծվեց այդ համաժողովին տասը միլիոն հայերի վիրտուալ մասնակցության համար: Զանգվածային լրատվության միջոցների դերը և նշանակությունը քննարկելիս պետք է մշտապես հիշենք, որ ևս յոթ միլիոն հայ ապրում է մայր Հայաստանից դուրս:

Կոչ եմ անում գալիք տարիներին աշխուժացնել սփյուռքի համայնքներում գործող լրատվամիջոցների հետ կապերը: 2040 թվականին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու իմ տեսլականի և ապագա այլ ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում, իհարկե, ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ներգրավվածությունը:
Կցանկանայի նաև, որ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, համայնքների խոշորացման գործընթացը կամ տնտեսական աշխուժացումը, ավելի մեծ ուշադրության և խորքային գնահատականների արժանանային ձեր կողմից: Այս ցանկը, անշուշտ, ամբողջական չէ: Ես իսկապես ուրախ կլինեմ, եթե դուք հարստացնեք այն իմ ուշադրությունից վրիպած թեմաներով:

Սիրելի՛ բարեկամներ,

Հրաժեշտ ենք տալիս 2017 թվականին: Կրկին շնորհավորում եմ ձեզ, ձեր բոլոր գործընկերներին, հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ, որպեսզի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում դուք լիաթոք հանգստանաք, ուրախանաք՝ դրանով իսկ հաճույք պատճառելով ձեր բարեկամներին ու հարազատներին: Թող գալիք 2018 թվականին հաջողությունը, երջանկությունը և խաղաղությունը միշտ ուղեկից լինեն ձեզ և ձեր ընտանիքներին: Որքան հաշտ լինենք ինքներս մեզ հետ, հավատացե՛ք, այնքան բարձր է լինելու մեր աշխատանքի օգտակար գործողության գործակիցը:

Շնորհակալ եմ:

Տեսանյութեր

Լրահոս