«Ցանկացած չնչին թերություն կարող է գլխավոր հակառակորդի կողմից օգտագործվել դիվերսիոն-հետախուզական կամ ահաբեկչական խմբերի ներթափանցման նպատակով». Սերժ Սարգսյան
Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական և հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը: Այս մասին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանը պետք է արդյունավետորեն պաշտպանի իր ազգային-պետական շահը և իր ամեն մի քաղաքացուն: Դա տքնաջան և հետևողական աշխատանք է, որը բնավ չի սահմանափակվում մեր պետության սահմաններով: Անհրաժեշտ է աշխատել ինչպես երկրի ներսում, այնպես էլ և, միգուցե, առավել ևս՝ արտերկրում:
Այս բնագավառում ձեր կատարված աշխատանքի ամփոփումը թույլ է տալիս որոշակի գոհունակությամբ խոսել արձանագրված հաջողությունների մասին: Միաժամանակ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, գլխավոր հակառակորդի հետախուզական գործունեության ծավալները և անընդհատ զարգացող հեռահաղորդակցության տեխնոլոգիաները մեզ ստիպում են անընդհատ աչալուրջ լինել: Որակական նոր բնույթ ունեցող սպառնալիքները պահանջում են դրանց հակազդման հավասարազոր քայլերի ձեռնարկում: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ արդյունքները կարող են ավելի լավը լինել, եթե ձեր աշխատանքի ավանդական գործելաոճը համատեղվի ժամանակակից մեթոդների ու միջոցների խելացի գործադրման հետ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նա չափազանց կարևոր է համարել սահմանների պահպանության գործում կատարված աշխատանքը: ՀՀ Նախագահի համոզմամբ՝ Ազգային անվտանգության մարմինների ցուցաբերած զգոնության արդյունքում այս ոլորտում տարեցտարի արձանագրվում են դրական արդյունքներ:
«Միաժամանակ, վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են: Տարածաշրջանային և գլոբալ զարգացումներով պայմանավորված միգրացիայի ավելացման միտումները թույլ են տալիս կանխատեսել, որ մի պետությունից մյուսն անցնելու համար տարբեր անհատներ և կազմակերպություններ փնտրելու են ապօրինի միգրացիոն նոր ուղիներ: Դա առաջացնելու է նաև այդ ուժերի անառողջ հետաքրքրությունը մեր երկրի սահմանների և տարածքի հանդեպ: Ուստի, այս բնագավառում պետք է ակտիվացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և ոստիկանության հետ, վերացնել հնարավոր այն բացթողումները, որոնց առկայությունը կարող է նպաստել ապօրինի սահմանահատմանը»,- ասել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ այստեղ ցանկացած չնչին թերություն կարող է գլխավոր հակառակորդի կողմից օգտագործվել դիվերսիոն-հետախուզական կամ ահաբեկչական խմբերի ներթափանցման նպատակով: «Կարծում եմ, որ այս ուղղությամբ հարկավոր է նաև ակտիվորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները»,- ընդգծել է նա: