Ստամբուլի պարեկային վարչության պետը փողոցում ծեծել է մի ոստիկանի
Ստամբուլի ոստիկանության պարեկապահակային վարչության պետ Թայֆուն Քարալին փողոցում ծեծել է ծառայության ընթացքում խախտում թույլ տված աշխատակցին:
Փողոցում տեղադրված տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վարչության պետը իր մոտ կանչում ծառայություն իրականցնող ոստիկանին, բոլորի ներկայությամբ գոռում վրան, վիրավորական խոսքեր ասում, ապա մի քանի անգամ ապտակում: Բռնության ենթարկված ոստիկանը մի քան քայլ գնալուց հետո կորցնում է գիտակցությունը ու վայր ընկնում: Ծառայակիցները նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց:
Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ՝ տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել սոցանցերում: Դժգոհության մեծ ալիքից հետո Twitter-ում հայտարարություն է արել Ստամբուլի քաղաքապետ Մևլութ Ույսալը՝ կատարվածը ցավալի և ամոթալի անվանելով: Ույսալը հայտնել է, որ պարեկային վարչության պետին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից և հանձնարարել նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսել: