Բաժիններ՝

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստի համար ընդունելի չէ, որ աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստելու են 13 տարեկանում

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի խոսքով՝ պապիլոմա վիրուսը բավական չար վիրուս է. այն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ:

Նրա խոսքով՝ արդեն 10-րդ տարին է՝ աշխարհի 70 երկրում կատարվում է այդ վիրուսի դեմ պատվաստումը. «Սովորաբար, ցանկացած դեղամիջոց, այդ թվում՝ նաև պատվաստանյութը, ունի մոտակա և հեռավոր ազդեցություններ: Այս պատվաստանյութն ընդամենը 9-10 տարի է կիրառվում, ու այդ տարիների ընթացքում որևէ չար արդյունք չի նկատվել: Մենք ունենք երկրներ, որտեղ դա խիստ օրացուցային է, այսինքն՝ պարտադրված են: Առայժմ Հայաստանում այդ վիճակը չէ: Ես զարմանքս չեմ կարողանում թաքցնել, երեկ մի հոդված եմ կարդացել, որ գյուղապետները կարծիք են հայտնում պապիլոմա վիրուսի պատվաստման մասին: Դա, որպես մասնագետի՝ ինձ համար ընդունելի չէ: Կարծում եմ՝ միայն մասնագետները պետք է դրա մասին խոսեն»:

Ա. Ասոյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ են հենց 13 տարեկան աղջիկներին անում այդ պատվաստումը. «Մենք Արևելքի ժողովուրդ ենք, ունենք ավանդույթներ, սովորություններ, ինձ համար էլ մի քիչ ընդունելի չէ, որ 13 տարեկանում են անելու դա: Ընդամենը ռիսկը կարող է այդ տարիքից լինել, որ նրանք կարող են վարակվել պապիլոմա վիրուսով, բայց կարծում եմ՝ եթե մենք դա մեր աղջիկների մոտ կատարենք 15-16 տարեկանում, առանձնապես շատ չենք ուշանա: Դա իմ անձնական կարծիքն է»:

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը գտնում է՝ պատվաստումը, ամեն դեպքում, ճիշտ է, քանի որ այդ հիվանդությունը կյանք խլող, մարդասպան հիվանդություն է. «Ես գիտեմ, որ անցյալ տարի Հայաստանում 200-ից ավելի դեպք է հայտնաբերվել արգանդի վզիկի քաղցկեղի: Կներեք, 200 կին կորցնելը բավական լուրջ կորուստ է ցանկացած երկրի, առավել ևս՝ Հայաստանի պես փոքր երկրի համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս