«Ռուբեն Սադոյանը լինելու է էֆեկտիվ դեսպան». Արմեն Աշոտյան
ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի աշխատանքը, ինչո՞ւ է ամեն անգամ Վրաստանի դեսպան նշանակվում հասարակության համար շատ անսպասելի և անակնկալ մեկը, Վրաստանն այդքան ոչ կարևոր ուղղությո՞ւն է մեզ համար, որ այդ պասիվ աշխատող պատգամավորին դեսպան են նշանակել այնտեղ։
Ի պատասխան՝ Աշոտյանն ասաց, որ մամուլը շատ է սիրում «կռվացնել» տարբեր քաղաքական գործիչների՝ պատգամավորների, դեսպանների. «Եթե դեսպան է գնում նախկին պատգամավորը, դա չի նշանակում, որ այդ երկիրն ավելի նվազ կարևոր է, քան այն երկիրը, որտեղ գնում է դեսպան, օրինակ՝ նախկին արտգործնախարարը։ Կարծում եմ, այս ընկալումներն օբյեկտիվ չեն: Դեսպանները պետք է ոչ միայն էֆեկտ թողնեն իրենց քաղաքական կերպարով, այլ էֆեկտիվ լինեն քաղաքական գործունեության մեջ: Ես վստահ եմ, որ Ռուբեն Սադոյանը լինելու է էֆեկտիվ դեսպան»։
Ըստ Աշոտյանի՝ Ռուբեն Սադոյանը բոլոր ջանքերը գործադրում է՝ մի կողմից՝ մոբիլիզացնելով նաև հայկական համայնքին Վրաստանում, մյուս կողմից՝ կոմունիկացիայի և հարաբերությունների ճիշտ համակարգ կառուցելով վրացական իշխանությունների հետ:
Արմեն Աշոտյանն ասաց, որ մոտ ապագայում ակնկալվում է նաև ՀՀ նախագահի այցը Վրաստան. «Ակնհայտ է, որ այդ ջանքերը շարունակական են լինելու, և դեսպանը մասնավորապես ունի իր կարևոր ֆունկցիան և առաքելությունը: Եկեք՝ ծառի մասին դատենք պտուղներով»: