Պերուի խորհրդարանը չպաշտպանեց երկրի նախագահի իմպիչմենտը
Պերուի միապալատ խորհրդարանը՝ Կոնգրեսը, դեկտեմբերի 21-ին բազմաժամ քննարկումից հետո չի կարողացել պաշտոնազրկում հայտարարել երկրի նախագահ Պեդրո Կուչինսկիին կոռուպցիոն սկանդալի գործով:
Կուչինսկիի պաշտոնազրկման օգտին քվեարկել է սոսկ 78 պատգամավոր՝ դրա համար անհրաժեշտ 87 ձայնի դեպքում։ Կուչինսկիին հեռացնելու առաջարկությունը խորհրդարան է ներկայացվել միանգամից մի քանի խորհրդարանական խմբերի կողմից: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ պետության ղեկավարն իր հայտարարություններում ճշմարտության խեղաթյուրում է թույլ տվել:
Դա վերաբերում է Բրազիլիայի Odebrecht շինարարական ընկերության կողմից նախագահի հետ կապված ֆիրմաների օգտին 4,8 միլիոն դոլար վճարումների հետ կապված իրադրությանը՝ իբր խորհրդատվական ծառայությունների համար: Պաշտոնազրկման քննարկումը տեւել է գրեթե 14 ժամ: Նախ ելույթ է ունեցել նախագահն ինքը, որը հայտարարել է, թե մեղավոր չէ, դրանից հետո նա իր պաշտպանությունը հանձնել է փաստաբանին, իսկ այնուհետեւ ելույթ են ունեցել կոնգրեսականներն իրենք՝ ինչպես Կուչինսկիի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: