Ռաուլ Կաստրոն Կուբայի ղեկավարի պաշտոնը կթողնի 2018 թվականի ապրիլին
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հաստատել է, որ իր պաշտոնը կթողնի 2018 թվականի ապրիլին: Համապատասխան հայտարարությունը նա արել է դեկտեմբերի 21-ին՝ ելույթ ունենալով Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (երկրի միապալատ խորհրդարանի) նիստում:
«Երբ ապրիլի 19-ին ձեւավորվի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի նոր կազմը, կավարտվի իմ երկրորդ եւ վերջին ժամկետը պետության ու կառավարության ղեկավարի պաշտոնում: Կուբան կունենա նոր նախագահ»,-ասել է 86-ամյա Կաստրոն, որի խոսքը մեջբերել է Juventud Rebelde թերթը: Դեկտեմբերի 21-ին ավելի վաղ Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որտեղ ընտրվելու են Պետխորհրդի անդամներն ու նրա նախագահը, կկայանա ծրագրվածից երկու ամիս ուշ՝ 2018 թվականի ապրիլի 19-ին: Հետաձգման որոշումն ընդունվել էր «Իրմա» փոթորկի ավերիչ հետեւանքների կապակցությամբ, որը կղզում մոլեգնել էր սեպտեմբերին:
Ռաուլ Կաստրոն Պետխորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից: Այդ պաշտոնում նա փոխարինել է իր ավագ եղբորը, Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին: 86-ամյա Ռաուլ Կաստրոն քանիցս հայտարարել է, որ Պետխորհրդի նախագահի պաշտոնում ներկայիս հնգամյա ժամկետը վերջինը կդառնա իր համար:
Կաստրոյի առավել հավանական փոխարինողների թվում նշում են Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ 57-ամյա Միգել Դիաս Կանելին: Դրա հետ մեկտեղ, ինչպես սպասվում է, մինչեւ 2021 թվականը Ռաուլ Կաստրոն կմնա Կուբայի Կոմունիստական կուսակցության՝ կղզի-պետության միակ պաշտոնական քաղաքական ուժի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: