Կատալոնիայի անկախության կողմնակիցները տոնում են ընտրություններում տարած հաղթանակը
Կատալոնիայի անկախության կողմնակիցները, որոնք մտնում են Կատալոնիայի ազգային ասամբլեայի կազմի մեջ, տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունների արդյունքներն ընդունել են ցնծությամբ, դիսկոտեկով եւ խամոնի ու պանրի խորտիկներով՝ գինով ու գարեջրով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նախնական տվյալներով՝ երեք կուսակցություններ, որոնք հանդես են գալիս Իսպանիայից Կատալոնիայի դուրս գալու օգտին, Կատալոնիայի խորհրդարանում ստանում են 135 տեղից 70-ը: Անկախության կողմնակիցները պարում են ազգային պարեր, վանկարկում կարգախոսներ ի պաշտպանություն Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի եւ միմյանց շնորհավորում են հաղթանակի առթիվ:
«Կլինեն ցույցեր: Եթե նույնիսկ կրկին (Մադրիդից) ոստիկանություն ժամանի, ապա մենք կգործենք առաջվա պես՝ նույն ժողովրդավարական, խաղաղ ճանապարհով: Մենք հուսով ենք, որ Իսպանիայի իշխանությունները կսթափվեն եւ կվերականգնեն մեր նախագահի իրավունքները եւ ազատ կարձակեն բանտերում նստածներին, մենք պայքարելու ենք դրա համար»,- հավաստիացրել է Կատալոնիայի ազգային ասամբլեայի փոխնախագահ Ագուստի Ալկոբերոն: