Անկախության կողմնակիցները հաղթանակ են տարել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում
Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
«Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունից թեկնածուների ցուցակում, որն ստանում է 34 պատգամավորական մանդատ, առաջին համարը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն է: Նա հանգրվանել է Բելգիայում, քանի որ Իսպանիայում արդեն նրա ձերբակալման օրդեր է տրված: Խորհրդարանում եւս 32 տեղ ստանում են «Կատալոնիայի ձախ հանրապետականները»:
Նրանց առաջնորդը՝ Պուչդեմոնի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, կալանքի տակ է գտնվում ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեից հետո: Չորս մանդատ բաժին է հասնում «Ժողովրդական միասնության թեկնածություն» կուսակցությանը: Կենտրոնամետ Իսպանիայի Քաղաքացիական կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում ստացել է 37 տեղ, ինչը 12-ով ավելի է քան 2015 թվականի ընտրություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: