Բաժիններ՝

Պատմության խոսուն վկաները. Քարաշամբի քառասունդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուի 35 տոկոսը հնագիտական իրեր են` պեղված Հայաստանի տարածքից: Դրանց թվում բրոնզեդարյան փայտյա կառքեր են, ցեղային առաջնորդների դամբարաններից պեղված ծիսական օջախներ և պատվանդաններ, կավանոթներ, թրծակավե և բրոնզե քանդակներ, զենքեր, զարդեր, սպասք, բազմաֆիգուր սյուժետային տեսարաններով դրվագված գավաթներ ու գոտիներ, որոնք խոսուն վկայություններ են պարունակում նախնիների պաշտամունքի, տիեզերական պատկերացումների, արևի, ջրի և պտղաբերության գաղափարը խորհրդանշող հավատալիքների մասին:

«Արմենպրես»-ը նոր նախագիծ է սկսում, որտեղ ներկայացնելու է Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ գտածոները և դրանց պատմությունը: Շարքը կսկսենք 10 ամենահետաքրքիր գավաթներից, ապա կանցնենք թրերի պատմությանը:

Քարաշամբի քառասունդարյա գավաթը, որի վրա մի ամբողջ առասպել կա պատկերված

Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուի մեջ իր ուրույն տեղն ունի ավելի քան քառասունդարյա հնության մի գավաթ, որը 1987 թվականին հայտնաբերել է հնագետ Վահան Հովհաննիսյանը` Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում պեղումների ժամանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ արծաթե դրվագազարդ գավաթը հայտնաբերվել է «արքայական» դամբարանում բազմաթիվ այլ թանկարժեք իրերի հետ միասին: Այն հին արևելյան պատկերագրության անկրկնելի նմուշ է և բացառիկ նշանակություն ունի միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին պատկերացում կազմելու հարցում: «Այն վկայում է տեղաբնիկների մետաղի մշակման և կիրառական արվեստում ունեցած բացառիկ առաջընթացի մասին: Գավաթի առկայությունն ապացուցում է, որ տարածաշրջանը լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ»,-ասաց նա:

Գավաթը, սակայն, սովորական չէ, իրանին արված վեց հորիզոնական դրվագազարդ գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե. պատկերված է վարազի որսի, երկու ցեղերի միջև ծագած գժտության, մարտի և պարտված կողմի առաջնորդների մահապատժի պատմությունը: Այդ սյուժեն կապվում է հնդեվրոպական դիցաբանական պատկերացումների հետ և խոսում է միջին բրոնզի դարում Հայաստանի և Հարավային Կովկասի տարածքում բնակվող ժողովրդի հնդեվրոպական ծագման մասին: «Քարաշամբի գավաթն ամենահին հուշարձանն է, որը պատկերագրության լեզվով վերոհիշյալ պատումը մեզ է հասցրել ամբողջական տեսքով»,-նշեց նա:

Ջուլիետտա Կարապետյանը պատմեց, որ Քարաշամբի գավաթն իր հնագիտական արժեքի հետ մեկտեղ կիրառական արվեստի եզակի նմուշ է: Ընդամենը 13 սմ բարձրությամբ գավաթի վրա հմուտ վարպետը կարողացել է առասպելը ներկայացնել բոլոր մանրամասներով և իր ժամանակի համար բացառիկ վարպետությամբ՝ համաչափ, արտահայտիչ և կենդանի պատկերներով: Գավաթի վրա ամենայն մանրամասնությամբ պատկերված են 25 մարդկային, 36 կենդանու և 60-ից ավելի տարբեր առարկաների պատկերներ՝ միջինում 3 սմ բարձրությամբ»,-ասաց թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատողը:

Քարաշամբի գավաթը ցուցադրվել է աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավորապես Նյու Յորքի Մետրոպոլիտեն Արվեստի թանգարանում, Մոսկվայի Ռուսաստանի պատմության թանգարանում, Ֆրանսիայում՝ Նանտի Դոբրե թանգարանում, Լիոնի Գալլո – ռոմանական քաղաքակրթության, Առլի Արվեստի թանգարաններում, Բուդապեշտում՝ Կարոլի Միհալի պալատում, Թեհրանում՝ Իրանի ազգային թանգարանում և այլուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս