Բագրատաշենում սահմանապահների կողմից ծեծի ենթարկված մեղադրյալը տեղափոխվել է հիվանդանոց. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետում նոյեմբերի 19-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ծեծի ենթարկված, գործով մեղադրյալ Կարեն Շիրվանյանը երկու օր առաջ տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատության ենթարկվել: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Շիրվանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:
Մեկ ամիս առաջ Բագրատաշենի անցակետում ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։
Այդ անձը Կարեն Շիրվանյանն է, որին մեղարանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, եւ նա կալանավորվել է երկու ամսով։ Այնինչ մեր տեղեկություններով, տեղի է ունեցել հակառակը. Շիրվանյանը դաժան ծեծի է ենթարկվել մոտ 15 սահմանապահի կողմից: Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել:
Մեր զրույցում պաշտպան Գուրգեն Հարությունյանն ասաց, որ Շիվանյանի մոտ ստամոքսի հետ կապված խնդիրներ են առաջացել, վիրահատվել է, միաժամանակ, սակայն չբացառեց, որ այդ խնդիրներն առաջացել են ծեծի հետեւանքով. «Ես կարծում եմ, որ ավելի շատ վնասվածք է եղել, ինքը միշտ բողոքում էր կրծքավանդակի ներքեւի հատվածի ցավերից, ավելի շատ հակված եմ դրան: Բայց այս պահին բժիշկներն ասում են՝ երեւի խոց է: Էպիկրիզը ուսումնասիրելուց հետո նոր կարող եմ ասել, թե իրականում ինչ է եղել»,- ասաց մեղադրյալ Շիրվանյանի պաշտպանը:
Նրա խոսքով՝ իրականում իր պաշտպանյալը տուժող է, իսկ մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեն այն սահմանապահները, ովքեր ծեծի են ենթարկել Կարեն Շիվանյանին: «Բայց այս պահին գործը կանգնած վիճակում է, առաջ չի գնում: Բերեցին ՀԿԳ, մտածեցինք գործն ավելի արագ կգնա, բայց ոչ, գործողություն էլ չի արվում, վկաներ կան էդտեղ, մամուլն էլ գրեց, մենք էլ ենք ասում ովքեր են եղել, բայց այս պահին քննություն չի կատարվում, չեն հարցաքննվում: Պատճառը չգիտեմ, որն է երեւի տարվա վերջ է»,- ասաց նա:
Մեր հարցին, թե պաշտպանական կողմը տեղեկություններ ունի, արդյո՞ք դեպքը տեսագրվել է, թե՞ ոչ, պաշտպանն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին գործում առկա տեսանյութը տրամադրելու վերաբերյալ, սակայն մերժում է ստացել:
«Տեսանյութը չեն տրամադրում՝ նախաքննական գաղտնիությունից ելնելով: Մեր տեղեկություններով, պետք է տեսաձայնագրված լինի դեպքը, էդ տարածքը ամբողջովին տեսանկարահանվում է եւ պետք է, որ երեւան, թե որտեղ, ինչ է կատարվել»,- հավալեց պաշտպանը: Նա նաեւ ասաց, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ իր պաշտպանյալ Կարեն Շիվանյանը եւ գործով տուժող, դանակահարված սահմանապահը մարմնական թեթեւ աստիճանի վնասվածք են ստացել՝ առողջության քայքայումով: «Բայց իմ պաշտպանյալը չի ընդունում, որ որեւէ մեկին դանակով վնասվածք է պատճառել: Նա ասում է՝ չգիտեմ ոնց է ստացվել, վիճաբանողները շատ են եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: