
Ինչու է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գաղտնի մշակվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, անգամ իրավաբանական կորիֆեյներն են պնդում` «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»:
Այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ օրենքի նախագծի վրա բավականին ակտիվ աշխատում են․ արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշակում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում՝ հորդորում են մինչեւ հունվար սպասել:
Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ` հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն կլինի ԱԺ օրակարգում, ինչը նույնպես հարցականի տակ է, որովհետեւ պառլամենտի աշխատանքները կմեկնարկեն հունվարի 15-ին, կկայանա ընդամենը մեկ քառօրյա, եւ «կառավարության կառուցվածքը», ըստ ամենայնի, կմնա չքննարկված մինչեւ փետրվար:
Օրենքի չհրապարակայնացման-ձգձգման պատճառը մեկն է՝ ուժային-առընթեր մարմինների «դիսլոկացիան», որով էլ որոշվելու է, թե ով է ապագա վարչապետը, եւ քանի որ այդ առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել է` «կտեսնենք», օրենքը դեռ «մեյդան» չի հանվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: