Apple-ը խոստովանել է, որ նվազեցնում է iPhone-ի նախորդ մոդելների աշխատանքի արագությունը. WSJ
Միացյալ Նահանգների Apple կորպորացիան հավաստել է, որ միտումնավոր նվազեցնում է իր iPhone սմարթֆոնների նախորդ մոդելների աշխատանքի արագությունը: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։
Ինչպես նշում է թերթը, Apple-ի ներկայացուցիչներն այդ քայլը բացատրում են օգտատերերի մասին հոգատարությամբ: Ըստ կորպորացիայի՝ սմարթֆոններում տեղակայված լիթիումա-իոնային կուտակիչները ժամանակի ընթացքում կորցնում են հզորությունը: Դրա պատճառով էներգիան դրանց կարող է չբավականացնել, օրինակ՝ սառը եղանակին սմարթֆոնից օգտվելու պահին, ինչի պատճառով սարքը կարող է հանկարծակի անջատվել:
Այդ նպատակով, դրանից խուսափելու համար Apple-ը ծրագրված փոփոխություններ է մտցրել iOS գործառական համակարգում, որպեսզի այն դանդաղեցնի որոշակի առաջադրանքների կատարումն այն դեպքում, եթե դրա համար չեն բավականացնում ռեսուրսները: Նորամուծությունը վերաբերում է iPhone 6, 6s եւ SE մոդելներին, իսկ գործառական համակարգի նորացմամբ՝ նաեւ iPhone 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: