Բաժիններ՝

25 տոկոսով նվազել է մինչև 25 տարեկան ուսուցիչների թիվը

Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ։ 2009 թվականին, երբ ընդունվեց այդ օրենքը, նախատեսված էր, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո դպրոցում որպես ուսուցիչ չեն կարող աշխատել միջնակարգ, միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները։

Նախարարությունն առաջարկում է 2018-ը փոխարինել 2028-ով։ Այսպիսով, նախարարությունը ուսուցիչներին ևս 10 տարի ժամանակ է տալիս իրենց կրթական ցենզն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Վիճակագրական վերջին տվյալներով՝ Հայաստանում 3542 ուսուցիչներ դեռևս չեն համապատասխանում օրենքի պահանջին, քանի որ ունեն միջնակարգ, միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն։

Իհարկե, մինչև 2018 թվականի օգոստոս այս թիվն ավելի կնվազի, քանի որ այս պահին բազմաթիվ աշխատող ուսուցիչներ սովորում են մանկավարժական բուհերի ավարտական կուրսում։ 2009 թվականից հետո Հայաստանի ուսուցիչների կրթական ցենզն էապես բարձրացել է։

Օրինակ՝ եթե 2012 թվականին Հայաստանի դպրոցներում աշխատում էր միջնակարգ կրթություն ունեցող 166 ուսուցիչ, ապա այսօր այդ ուսուցիչների թիվը 98 է։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների թիվը նույն ժամանակահատվածում 4545-ից նվազել է 3166-ի։ Այդուհանդերձ, 2018 թվականին մի քանի հազար ուսուցիչ կրճատելը նախարարության համար մեծ խնդիր կլիներ։ Դրա համար նախարարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն անել։

Նախարարության այս որոշումը տարբեր ձևերով կընդունվի տարբեր խմբերի կողմից։ Օրինակ՝ մանկավարժական բուհերի համար սա լավ լուծում է, քանի որ 3542 ուսուցիչների մի մասն առաջիկա 10 տարիներին կփորձի ստանալ բարձրագույն մանկավարժական կրթություն։

Այս որոշումը կողջունեն նաև այն ուսուցիչները, ովքեր այս տարիների ընթացքում չեն ստացել բարձրագույն մանկավարժական կրթություն և մինչև 2028 թվականը կարող են շարունակել աշխատել դպրոցում։ Որոշումն ընդունելի չի լինի այն մանկավարժների համար, ովքեր դրսևորելով օրինապահություն՝ վերջին տարիների ընթացքում զգալի գումար և ժամանակ ծախսեցին բարձրագույն մանկավարժական կրթություն ստանալու համար։

Մեր երկրում սա հերթական դեպքն է, երբ օրենքի պահանջին հետևող քաղաքացին չի խրախուսվում։ Այս ուսուցիչները կարող են մխիթարվել բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու հանգամանքով։ Առիթ եմ ունեցել դասավանդելու նման ուսուցիչներին, ովքեր հիմնականում սովորում են հեռակա ուսուցման համակարգում։ Այդ մարդիկ հսկայական զրկանքներ էին կրում ուսումը, աշխատանքը և ընտանեկան հոգսերը համատեղելու համար՝ գումարած ֆինանսական ծախսերը։

Բայց կարծում եմ՝ սա չէ մանկավարժների նկատմամբ տարվող քաղաքականության գլխավոր մտահոգությունը։ Հիմնական մտահոգություններից մեկն այն է, որ Հայաստանի ուսուցիչների միջին տարիքն էապես բարձրացել է։ Եթե 2012 թվականին Հայաստանի դպրոցներում աշխատում էր մինչև 25 տարեկան 2088 ուսուցիչ, ապա 2016 թվականի տվյալներով՝ այդ ուսուցիչները թիվն ընդամենը 1501 է։ Զուգահեռաբար՝ աճել է 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը։ Եթե 2012 թվականին 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը 1002 է եղել, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 1636։

Շատ փոքր է նաև 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչների թիվը՝ 1155։ Վիճակագրական տվյալներով՝ 2016 թվականին 2913 ուսանող ավարտել է Հայաստանի բուհերը՝ մանկավարժական մասնագիտություններով։ Ստացվում է, որ 1 տարվա մեջ 2913 հոգի ավարտել է բուհը, և 1155 ստաժ չունեցող ուսուցիչ ընդունվել է աշխատանքի։ Փաստորեն, շրջանավարտների մեծ մասը կամ դպրոցում աշխատանք չի գտնում, կամ չի ուզում աշխատել դպրոցում։

Կա տեսակետ, որ երիտասարդ ուսուցիչների թվի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ուսուցիչների նոր սերնդի կրթական մակարդակը համեմատաբար ավելի ցածր է, և տնօրենները նախընտրում են աշխատել կենսաթոշակային տարիքի ուսուցիչների հետ։ Որքան էլ այս տեսակետն ընդունելի լինի, այդուհանդերձ, նորմալ սերնդափոխությունը կարևոր պայման է համակարգի զարգացման համար։

Ուսուցիչների հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկն աշխատանքի ընդունման կարգն է։ Այս պահին դպրոցներն ուսուցիչներ են ընդունում գրավոր թեստերի և բանավոր հարցումների միջոցով։

Ընդ որում, հարցերը հիմնականում վերաբերում են իրավական ոլորտին, և չեն ստուգվում թեկնածուների գործնական, մանկավարժական հմտությունները։ Երևանի Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Գոհար Սանոյանն այս հարցը բարձրացրել էր Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ։ Ի պատասխան՝ նախարարը հայտարարել էր, որ առաջիկայում այս հարցը լուծում կստանա, և ինքը կողմնակից է, որ դպրոցների տնօրենները որոշակի ինքնուրույնություն ունենան։ Առայժմ տեղաշարժ չկա, բայց այս հարցը լուծում է պահանջում։

Վերանայման կարիք ունի նաև ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարությունների քաղաքականությունը։ Շատ դպրոցներ ստիպված են տարեկան մի քանի տասնյակ հազար դրամ ծախսել թափուր տեղի հայտարարության համար։ Օգտագործելով էլեկտրոնային հարթակները՝ կարելի է ընձեռել անվճար հայտարարությունների հնարավորություն՝ դպրոցներին ազատելով լրացուցիչ ծախսերից։

Առաջիկա տարիներին ուսուցիչների նկատմամբ տարվող քաղաքականությունը պետք է վերանայել՝ մանկավարժական կրթությունից սկսած՝ մինչև ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման հատվածները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս