Բաժիններ՝

Ահաբեկչությունները տարվա ամենակարևոր իրադարձություններն են դարձել ֆրանսիացիների համար. հարցում

Ֆրանսիացիների մեծամասնությունը երկրում եւ աշխարհում տեղի ունեցած ահաբեկչական գրոհները համարում են անցնող 2017 թվականի ամենակարեւոր իրադարձությունները: Դա են վկայում այն հարցման արդյունքները, որը Elade ինստիտուտի կողմից անցկացվել է BFMTV հեռուստաալիքի համար։

Հետազոտության արդյունքների համաձայն, ֆրանսիացիների 53 տոկոսը երկրում եւ աշխարհում կատարված ահաբեկչական գրոհները համարում է 2017 թվականի ամենանշանակալի իրադարձությունները: Ֆրանսիայի համար անցնող տարվա կարեւոր իրադարձությունների ցուցակում նաեւ նշվում են նախագահ Էմանուել Մակրոնի ընտրվելը (մասնակիցների 41 տոկոսը) եւ ֆրանսիացի ռոք-աստղ Ջոննի Հոլիդեյի մահը (հարցվածների 27 տոկոսը):

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տալիս, որ ինչպես ԿԺԴՀ-ում ջրածնային ռումբի փորձարկումները, այնպես էլ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարվա արդյունքները անցնող տարվա կարեւոր իրադարձություններ են ֆրանսիացիների միայն 5 տոկոսի համար:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 18-19-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի հազար մարդ:

2017 թվականին մի շարք գրոհներ են տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Առավել խոշորների թվում են՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունը, գրոհները Մանչեսթրում եւ Լոնդոնում, հետիոտների վրա կատարված վրաերթը Բարսելոնայում, գնդակոծությունը Լաս-Վեգասում, կարգի պահապանների վրա հարձակումները Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ եւ Ելիսեյան դաշտերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս