«Պաշտոնապես պահանջում եմ Հ1-ից, որ ներողություն խնդրի «Ելք»-ի բոլոր պատգամավորներից և, առահասարակ, ԱԺ-ից». Գևորգ Գորգիսյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին:

Նրա խոսքով՝ այդ ռեպորտաժը բացարձակ և խայտառակ ձևի խեղաթյուրում է իրականությունը. «Ռեպորտաժից այնպիսի տպավորություն էր, որ «Ելք» խմբակցությունը հայտարարել է, թե սա սահմանադրական օրենք է, այնինչ «Ելք» խմբակցությունը փաստացի միակն էր, որ պաշտպանեց ԱԺ նախագահի հայտարարությունը և ասեց, այո, այդպես է հայտարարվել:

Հ1-ը ներկայացնում է, որ «Ելք»-ը չգիտեր՝ ինչ օրենք է քննարկվում, որոշել էր ինքնագլուխ, որ սա սահմանադրական օրենք է, հետո պարզվեց, որ սահմանադրական չէ, որովհետև նախարարն այդ մասին հայտարարեց, և հենց այնպես «Ելք»-ը շուխուռ արեց:

Պաշտոնապես պահանջում եմ Հ1-ից, որ ներողություն խնդրի «Ելք»-ի բոլոր պատգամավորներից և, առահասարակ, ԱԺ-ից, որովհետև ԱԺ-ն է որոշել, որ սա սահմանադրական օրենք է, ԱԺ նախագահը հայտարարել է և համապատասխան ձևով քվեարկություն է անցկացրել: Ցուցատախտակը ֆիքսել և պահանջել է, որ պետք է լինի 63 ձայն, և ելնելով ԱԺ-ի դիրքորոշումից՝ «Ելք»-ը գործել է»:

Տեսանյութեր

Լրահոս