2022 թ. խորհրդարանի պատկերը գծագրելու «հեղինակային իրավունքի» խնդիրը լուծվելու է առավել լայն ու տևական համատեքստում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելք»-ի, ոնց ուզեմ՝ կքվեարկեմ, հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի աղմկոտ քվեարկության հետ:
Ազիզյանը «Ծառուկյան» դաշինքից միակն էր, որ կողմ էր քվեարկել նախագծին, ինչը վճռորոշ էր եղել դրա ընդունման հարցում: Քվեարկությունը աղմկոտ ավարտ էր ունեցել, արդեն հայտնի զարգացումով, որը չէ սակայն տվյալ պարագայում էականը, այլ այն, ինչ կա Նապոլեոն Ազիզյանի հայտարարության տակ:
Իսկ դրա տակ եղածի մասին մենք առիթ ենք ունեցել խոսել թե՛ խորհրդարանի ընտրությունից հետո, թե՛ այդ ընտրությունից շատ առաջ, երբ ուրվագծվում էր նոր խորհրդարանի հնարավոր դասավորությունն առնվազն գերակա մեծամասնության մասով:
Մենք առիթ ենք ունեցել ասելու, որ նոր խորհրդարանն աչքի է ընկնելու ոչ միայն զուտ սահմանադրական մոդելավորումից բխող կայուն մեծամասնությամբ, այլ նաև նոր իրավիճակից բխող ստվերային մեծամասնության հանգամանքով: Կամ, ավելի շուտ հնարավոր է խոսել, այսպես ասած՝ ճկուն, առաձգական մեծամասնության մեխանիզմի մասին:
Մեկ այլ օրինակ՝ դարձյալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մասով: Սերգեյ Բագրատյանը բավական ակնառու պաշտպանել էր կառավարության այն նախագծերը, որոնք առնչվում էին ՀԷԿ-երի գործունեությանը, քանի որ ՀԷԿ-ի սեփականատեր է: Այդպիսով, ներկայիս իրավիճակը գալիս է հաստատելու այն բնորոշումներն ու կանխատեսումները, որ մենք արել էինք դեռևս խորհրդարանի կազմի վերջնական արձանագրումից առաջ:
Ներկայիս խորհրդարանի ամենաառանձնահատուկ բնութագրիչներից մեկը այդ տարալուծված մեծամասնության հանգամանքն է, երբ, ըստ քաղաքական իրավիճակի, ըստ մոտիվացիոն հիմքերի փոփոխության, իշխանությունը կարող է ստանալ այսպես ասած տարբեր մեծամասնական կոնֆիգուրացիաներ՝ իհարկե ՀՀԿ բացարձակ մեծամասնության բազայի վրա, ներառյալ կոալիցիոն ՀՅԴ-ն:
Մեծամասնության այդօրինակ կոնֆիգուրացիան Սերժ Սարգսյանի, այսպես ասած, անվտանգության երաշխիքը, կամ ավելի շուտ մանևրի հնարավորությունն է կարճաժամկետ առումով՝ 2018-ի վարչապետի խնդրում, ավելի երկարաժամկետ առումով՝ առաջիկա 4-5 տարիներին իշխանության համակարգում ուժերի հարաբերակցության վրա վերահսկողության հարցում, 2022 թվականի խորհրդարանի քարտեզը գծագրելու, այսպես ասած, «հեղինակային իրավունքը» իր ձեռքում պահելու համար:
Բանն այն է, որ զուտ վարչապետի պաշտոնը ինքնաբերաբար չի նշանակելու նաև այդ իրավունքի փոխանցում, և Հայաստանում 2022 թվականի խորհրդարանի պատկերը գծագրելու «հեղինակային իրավունքի» խնդիրը լուծվելու է, անշուշտ, առավել լայն ու տևական համատեքստում:
Եվ այստեղ իհարկե առաձգական, ստվերային մեծամասնությունը Սարգսյանի համար մանևրի հնարավորություն է: Եթե անգամ չստացվի այդ մանևրի միջոցով ապահովել վարչապետի կարգավիճակը, քանի որ այստեղ իհարկե կարևոր գործոնները և հանգամանքները բազմապիսի են և պայմանավորված չեն միայն մեծամասնության աջակցությամբ, ապա հետագայում իրավիճակի վրա ազդեցություն պահելու իմաստով այդօրինակ մեծամասնությունը կունենա իր դերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: