«Եվրոպայում հաստատված թուրքահայերի դեմ մահափորձի մասին տվյալներ ունեմ». Փայլան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայում հաստատված թուրքահայերի դեմ մահափորձ է կազմակերպվում: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Փայլանը հայտնել է, որ մահափորձերը կազմակերպվում են Թուրքիայում գործող կառույցի կողմից:
«Հետախուզական տվյալներ ունեմ այն մասին, որ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալևիների և հայերի, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, ակադեմիկոսների դեմ որոշակի խմբեր գործողություն են նախապատրաստում, որը մեծ աղմուկ պետք է բարձրացնի»,- ասել է Փայլանը:
Պատգամավորը հրաժարվել է հայտնել, թե որտեղից է ստացել հետախուզական տվյալները: «Թուրքիայում գործող կենտրոնական կառույցը այդ սպանություններն իրականացնելու նպատակով հայտնի մարդասպանների է գործի դրել: Այս հետախուզական տվյալը լրջորեն է ընդունվել շատ եվրոպական երկրների, մասնավորապես Գերմանիայի կողմից, հետախուզական կազմակերպություններն անցել են գործի և տվյալ խմբերն առնվել են պաշտպանության տակ: Այս տվյալներն ունենալուց հետո շփումներ եմ ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ: Հիշեցնելով նրանց պարտավորությունները՝ պահանջել եմ, որ գործի անցնեն»,- տեղեկացրել է հայ պատգամավորը՝ հայտնելով, որ իր ունեցած տվյալները կիսել է հետախուզական ծառայության, անվտանգության մարմինների ու համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ: Նա ընդգծել է, որ նման հանցագործությունների նպատակը սենսացիա առաջացնելն է: