«Աշտարակ կաթը» Գորայքի բնակիչներին չի վճարում 7,6 միլիոն դրամի պարտքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է Սյունիքի մարզի Գորայք գյուղի բնակիչներին: Ընկերությունը չի վճարել 2016 թվականի հունիս–սեպտեմբեր ամիսներին մթերած կաթի գումարը: Պարտքը 7 միլիոն 600 հազար դրամ է կազմում:

Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խնդրի մասին տեղեկացրել է պատկան բոլոր մարմիններին, անգամ ելք է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար, համայնքը, ավագանու որոշմամբ, կարող է գնել «Աշտարակ կաթի»` Գորայքում գտնվող գրասենյակի շենքը, որը մանկապարտեզի նախկին շենքն է, եւ այդ գումարով մարել պարտքերը:

Նա անգամ վարչապետ Կարեն Կարապետյանին է տեղեկացրել: Երբ վարչապետը մարզ էր այցելել, գյուղացիներն իրենց խնդրի մասին ահազանգել էին: Կարեն Կարապետյանը մարզպետին հանձնարարել էր կարճ ժամկետում հասկանալ՝ ինչու գյուղացիների պարտքը չի տրվել եւ լուծել խնդիրը:

«Ասել են, որ պետք է սնանկացման գործընթացն ավարտվի, պարտքերը մարվի ու նոր գյուղացիների գումարները վճարվի»,– հայտնեց նա:

Գյուղացիները պատմեցին, որ դեռ նախորդ տարվանից է ընկերությունը խաբում իրենց: Անընդհատ գումարի վճարման վերջնաժամկետ են հայտարարել ու ձգձգել այն: Անասնատերերին զգուշացրել են, որ պարտքը մաս–մաս կվճարվի, բայց գումար այդպես էլ չեն ստացել: Գորայքցիները նշեցին, որ ընկերության պատճառով գյուղը սնանկ վիճակում է հայտնվել:

«Մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել: Մեր մեկ տարվա ապրուստն ենք կորցրել: Գումար տվեցինք՝ անասնակեր գնեցինք, ամբողջ տարին չարչարվեցինք, 100 դրամով կաթը հանձնեցինք ու այսօր առանց գումար նստեցինք»,– սրտնեղեցին մեր զրուցակիցները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս