Բաժիններ՝

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» ընդարձակ ցանկը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիան հրապարակել է այն կինոնկարների ընդարձակ ցանկը, որոնք կպայքարեն «Օսկարի» գլխավոր անվանակարգի՝ «Լավագույն ֆիլմի» համար:

Դեկտեմբերի 19-ին կինոակադեմիայի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս անվանակարգում արձանիկն ստանալուն կհավակնի 341 ֆիլմ։ Ակադեմիայի կանոնների համաձայն՝ թեկնածու կինոնկարը պետք է ունենա առնվազն 40 րոպե տեւողություն, Լոս Անջելես քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ցանկացած առեւտրային կինոթատրոնում ցուցադրված լինի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ եւ վարձույթում գտնվի յոթ օրից ոչ պակաս:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի հայցորդների թվում են ամերիկյան «Հրաշք-կինը», «Սայրի վրայով վազողը 2049» եւ «Կարիբյան ծովի ավազակները. մեռյալները հեթիաթներ չեն պատմում», բրիտանական «Դյունքերք» եւ «Քինգսման. Ոսկե մատանի» կինոնկարները:

Նաեւ դրանց թվում է հայտնվել սկանդալի հետ կապված «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը. կինոնկարի վրա աշխատանքի եզրափակիչ փուլում սեռական ոտնձգությունների մեջ մեղադրված Քեւին Սփեյսիին փոխարինել է Քրիստոֆեր Փլամերը: Ամփոփիչ անվանակարգում կարող են լինել հինգից մինչեւ տասը կինոնկարներ, դրա արդյունքները կհայտարարվեն հաջորդ տարվա հունվարի 23-ին: Իսկ «Օսկար» մրցանակի հանձնման բուն 90-րդ արարողությունը կկայանա մարտի 4-ին Լոս Անջելեսում, հայտարարել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս