5 տարվա ռեկորդ. Տնտեսական ակտիվությունը աճել է 7.3%-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-նոյեմբերին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. կազմել է 107.3։ Այսինքն, ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցից, որտեղ ներկայացված են 2017 թվականի 11 ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Նշենք, որ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել էր 7%-ով։ Ու ընդհանրապես, 7.3%-անոց տնտեսական ակտիվության աճը ռեկորդային է վերջին 5 տարիներին կտրվածքով. ավելի բարձր ցուցանիշ գրանցվել էր միայն 2012 թվականի հունվար-նոյեմբերին (7.4%)։
Տնտեսական ակտիվության աճը գրանցվել է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտների հաշվին, որոնք աճել են, համապատասխանաբար, 12.3%-ով և 14.2%-ով։ Անկումից դուրս է եկել նաև շինարարությունը՝ գրանցելով 0.3%-անոց աճ։ Անկումը շարունակվում է միայն գյուղատնտեսական ոլորտում։
Հաշվի առնելով այս ցուցանիշները՝ արդեն գրեթե համոզված կարելի է ասել, որ եթե ինչ-որ ֆորսմաժորային երևույթներ տեղի չունենան, ապա տարվա կտրվածքով տնտեսական աճը բարձր կլինի ոչ միայն ի սկզբանե կանխատեսված 3.2%-ից, այլև հետևագայում ճշգրտված 4.3%-ից։