«Գյուղացին ապրանքի գինը սահմանում է՝ ըստ իր առաջիկա ծախսերի». Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով տոների ընթացքում սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանման մասին՝ ասաց, որ արդեն ռիսկային մթերքի հետ գործ ունենք, ինչը ենթադրում է, որ տոների ընթացքում էլ ավելի զգոնության կարիք կա.
«Եթե երջանիկ պատահականությամբ, մեր ուշադրությամբ և մի քանի բարեխիղճ տնտեսվարողների հաշվին կարողանում ենք ձեռք բերել անվտանգ ապրանք, առնվազն պետք է այդ ապրանքը կարողանանք անվտանգ պահել նաև մեր բնակարաններում։ Եթե անվտանգ մսամթերքը երեկոյան ժամերին ամանորյա սեղանից սառը վայր չտեղափոխենք, այն արդեն մեր բնակարաններում է փչանալու։ Աղցանների բաղադրիչները նախընտրելի է խառնել իրար այն չափաբաժնով, որքան մատուցվելու է։ Հատկապես թթվասեր և մայոնեզ պարունակող աղցանները եթե ամբողջ օրը եղել են սեղանին, ապա երեկոյան դրանք պետք է դեն նետել»։
Ըստ նրա՝ կենդանական ծագման հումքի և մթերքների նկատմամբ պետք է լինել գերուշադիր. «Մի կողմից՝ այդ օրերին որոշակի չարաշահում ենք ալկոհոլը, մյուս կողմից՝ պահպանման ռիսկային պայմաններում գտնվող մթերքը»։
Ինչ վերաբերում է թանկացումներին, Պիպոյանն ասաց, որ «կա տեսակարար կշիռ» հասկացություն, որը պետք է առանձնացնել.
«Ինչպե՞ս է ստացվում, որ մենք ականատես ենք լինում գնաճի այլ ցուցանիշների, իսկ ԱՎԾ-ն հրապարակում է թվեր, որոնք այդքան էլ չեն համապատասխանում մեր տեսածին։ Պատճառն այն է, որ մենք նկատում ենք ամենօրյա սպառման ապրանքների գները, իսկ ԱՎԾ-ն միջինացված տալիս է 500 անուն ապրանքի ցանկը, որի մեջ կարող են մտնել ամենատարբեր ապրանքներ, այդ թվում՝ պղինձ և փողկապ։ Եթե փողկապի շուկայում ունենում ենք գնանկում, եթե ծանր մետաղների գներն աշխարհում նվազում են, սրանք տոկոսային առումով ինդեքսավորվում են, և տեսակարար կշիռ չի հաշվվում։ Ամանորի սեղանի վրա, այո, ոչ բոլոր ապրանքներն են թանկացել 20 տոկոսով, բայց պետք է հասկանանք, թե որ ապրանքներն են տեսակարար կշռի վրա ունենում ազդեցություն. դրանք են՝ միս-մսամթերքը և ալկոհոլային խմիչքները։
Մսամթերքի շուկայում նախորդ տարվա համեմատ՝ 20 տոկոս գնաճ ունենք։ Ալկոհոլային խմիչքների շուկայում ունենք գնաճ, որն առանձին դեպքերում հասնում է 12-13 տոկոսի։
Գյուղմթերքի շուկայում այնտեղ, որտեղ չունենք ջերմոցային տնտեսություններ, գյուղացին ապրանքի գինը սահմանում է՝ ըստ իր առաջիկա ծախսերի։ Եթե ունենք ջերմոցային տնտեսություններ, որոնք կարող են գալ՝ լոլիկի, վարունգի կամ պղպեղի գինը կարգավորել, ապա կանաչու գինը կարգավորում է գյուղացին՝ ըստ իր առաջիկա ծախսերի։ Եթե ընդհանուր գնաճ ենք ունենում, գյուղացին իր ապրանքի գները բարձրացնում է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում