Վիճակագրությունը աջ ղեկով մեքենաների օգտին է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. ապրիլի 1–ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան, իսկ հետագայում նաեւ շահագործումը: Մինչ այս արդեն շատ էր խոսվել, որ սա կառավարության վատագույն որոշումներից մեկը կլինի, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, այն ի վերջո առաջ մղվեց։
…Այս օրերին արդեն իսկ պատրաստ են աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային պատահարների՝ Ոստիկանության կողմից արված վիճակագրության նախնական տվյաները։
Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Փաստին» տեղեկացրեց, որ 2017 թ. 11 ամսվա կտրվածքով աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով գրանցվել է 16 զոհ եւ 490 վիրավոր։ Ջանոյանի խոսքով, սակայն, սրանք աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ են, բայց այս թվերի մեջ մտնում են եւ այն դեպքերը, երբ իրենք են մեղավոր եղել եւ հակառակը։ Ինչ վերաբերում է ընդհանուր դեպքերին, ապա այս տարվա նախնական տվյալներով գրանցվել է 3241 պատահար, 255 զոհ եւ 4774 վիրավոր։
Ստացվում է, որ ընդհանուր առմամբ ճանապարհային պատահարների միայն 10%–ի մասնակիցն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենա։ Եվ դեռ հարց է, մեղավորն ով է եղել՝ աջակողմյան, թե ձախակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի վարորդը։ Բացի այդ էլ դեռ հստակեցված չէ, թե աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի մասնակցությամբ ինչպիսի վթար է տեղի ունեցել։
Նախագծում ասվում է, թե Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն. մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում:
Սակայն նույն ձախակողմյան ղեկով ավտոմեքենան, իրավիճակից կախված, կարող է վերադասավորվելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում նույնպես վթարի պատճառ հանդիսանալ։
Նշենք նաեւ, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների թիվը կազմում է մոտավորապես 31–35 հազար, ինչից հետեւում է, որ հաջորդ տարիներին նույնքան քաղաքացի որոշակի խնդիրների առաջ կարող է կանգնել իր ավտոմեքենայի շահագործման հարցում, հատկապես, որ նախագծում ասված է, որ հետագայում դրանց շահագործումն առհասարակ կարգելվի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: