«Ադրբեջանցի հաքերները թիրախավորել են հայ օգտատերերին». Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե նախկինում ադրբեջանցի հաքերները թիրախավորում էին հայկական կայքերը, ապա այս տարի նրանք սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին.
«Հայկական կայքերի վրա հարձակումները հասել են զրոյի։ Դրա պատճառները մի քանիսն են՝ հայկական կայքերի պաշտպանությունն է ուժեղացել, ադրբեջանցիները հոգնել են այդ տիպի գործողություններից, որովհետև մեծ մեդիատարածում չեն ստանում, իսկ իրենց պետք է, որ անընդհատ խոսեն իրենց մասին։ Դրա համար այս տարի սկսեցին թիրախավորել անհատներին։ Հարձակման առաջին ալիքը ֆեյսբուքյան հաշիվների վրա էր, հետո սկսեցին Instagram-ի վրա հարձակվել. հայտնի երգիչ-երգչուհիների էջերն էին կոտրում։ Այս հարցում վիճակագրությունը դուրեկան չէ, որովհետև մոտ 10 հազար օգտատիրոջ կարողացել են կոտրել։ Սա մեծ թիվ է՝ հաշվի առնելով այն, որ Ֆեյսբուքում մոտ 1 մլն 100 հազար հայաստանցի ակտիվ օգտատեր կա, ինչը նշանակում է, որ 1 տոկոսին կարողացել են հաքերային հարձակման զոհ դարձնել»։
Մեդիափորձագետի խոսքով՝ հաքերները հիմնականում Facebook-ի անունից նամակ են գրում օգտատիրոջ էլեկտրոնային փոստին և զգուշացնում, որ Facebook-ի հաշիվը կարգելափակվի, եթե մարդը չմտնի և լոգին չլինի, կամ այլ պատճառ են բերում.
«Մարդիկ վախենում են, անմիջապես են բացում դա, ընկնում մի էջի վրա, որը Ֆեյսբուքի կլոնն է, բայց հասցեն ուրիշ է, ներմուծում են իրենց լոգինն ու գաղտնաբառը և նվիրում ադրբեջանցիներին։ Մյուս տարբերակն այն է, որ ֆեյսբուքյան էջ է հայտնվում, անունը՝ Facebook security կամ Facebook administration (այնպիսի անուն է, որ տպավորվի, թե Ֆեյսբուքի հետ կապ ունի) զգուշացնում են, որ՝ ձեր էջը կարգելափակվի, անմիջապես մտեք այստեղ, լոգին եղեք, մի խոսքով՝ նույն սցենարը։ Իսկ հայտնի մարդկանց Instagram-ով կամ Facebook-ով նամակ է գալիս, որ՝ ձեզ ուզում են պարգևել կապույտ նշանը, որով դուք համարվում եք verified profile, մտեք այստեղ, գրանցվեք։ Մարդիկ անմիջապես ոգևորվում են, գրանցվում ու տեսնում, որ իրենց Instagram-ի հաշվում ադրբեջանական դրոշներ են ծածանվում, լայվ են մտնում, ձեռք են առնում»։
Հայ օգտատերերին խաբելու ամենատարածված տարբերակը, ըստ Մարտիրոսյանի՝ Facebook-ում հյուրերին ցույց տվող ծրագրերն են.
«Մարդիկ, որոնք Одноклассники-ում երկար են մնացել և շատ են ուզում իմանալ, թե իրենց ով է «гости» գալիս, անընդհատ ուզում են նույն բանն ունենալ Ֆեյսբուքում։ Ֆեյսբուքը պաշտոնապես հայտարարել է, որ երբեք այդ հյուրերին ցույց չի տալու, հնարավոր չէ դա տեսնել։ Բայց անընդհատ ինչ-որ ծրագրեր են հայտնվում, դրանց մի մասն ուղղակի ինչ-որ տվյալներ է գողանում՝ էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, բայց ադրբեջանցիները վերջին շրջանում շատ ակտիվ օգտագործեցին դա։ Ստեղծեցին հյուրեր նայելու կայք՝ հայերենով, ու մարդիկ ոգևորված գրանցվում էին, որ տեսնեն իրենց հյուրերին, և դառնում ադրբեջանցի հաքերների զոհ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։