«2017թ. լրագրողներն ու լրատվամիջոցներն աշխատել են շատ բարդ և լարված պայմաններում». Աշոտ Մելիքյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին լրագրողների համար:
«Ընդհանրացնելով 2017 թվականը, պետք է նշել, որ լրագրողներն ու լրատվամիջոցներն աշխատել են շատ բարդ և լարված պայմաններում: Սա, նախևառաջ, պայմանավորված է եղել խորհրդարանական ընտրություններով, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններով»,- ասուլիսի մեկնարկին տեղեկացրեց Աշոտ Մելիքյանն ու հավելեց,- Ցավոք, այն արատավոր ավանդույթը, որ Հայաստանում հասարակական քաղաքական լարվածություն է նկատվում, իսկ ընտրությունները սովորաբար զուգորդվում են այդպիսի լարվածությամբ, ավելանում են հարձակումներն ու ճնշումները՝ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ: Այս առումով 2017 թվականը, ցավոք, բացառություն չեղավ»:
Միայն խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի օրը ընդհանուր առմամբ 5 ֆիզիկական բռնություն և 27 տարատեսակ ճնշումների դեպքեր են արձանագրվել, միտումը շարունակական է եղել նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում՝ գրանցելով 3 ֆիզիկական բռնությունների և 5 ֆիզիկական ճնշումների դեպքեր: Այս մասին տեղեկացրեց Աշոտ Մելիքյանը և հիշեցրեց խորհրդարանական ընտրությունների հետ կապված արտառոց դեպքը, երբ 30 դպրոցների տնօրեններ դատական հայց ներկայացրեցին sut.am կայքի դեմ, որտեղ կարևոր բացահայտումներ էին հրապարակվել՝ դրանով դատական գործերի քանակն ընդդեմ լրատվամիջոցների հասցնելով աննախադեպ ծավալի.
«Մտահոգիչ են եղել նաև հարուցված այն բազմաթիվ քրեական գործերը, որոնք հարուցվել են «Էլեկտրիկ Երևանի», Սարի Թաղի և Խորենացու դեպքերի առնչությամբ, որտեղ տասնյակ լրագրողներ տուժեցին և պաշտոնապես տուժող ճանաչվեցին քրեական գործերի շրջանակներում, այդ գործերից որևէ մեկում մենք առաջընթաց չտեսանք:
Արդյունքներից դատելով՝ մենք պնդում ենք, որ թե ընտրությունների ընթացքում, թե վերոնշյալ բոլոր իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողների շահերի պաշտպանության հարցում իշխանությունների ձեռնարկած քայլերն ամենևին էլ համարժեք չեն այն բռնությունների ծավալներին, որի ականատեսը մենք եղանք: 2017 թվականի ընթացքում տեղի ունեցած երեք ընտրությունների ընթացքում, փաստորեն, արձանագրվեց թվով 21 միջադեպ, որից միայն 6-ի պարագայում է քրեական գործ հարուցվել, որից 4-ը կարճվել է ավանդական և ձևական հիմնավորումով, որն է՝ հանցակազմի բացակայությունը: Այս ամենն անմիջականորեն ցույց է տալիս, թե ինչ պայմաններում են աշխատում մեր լրագրողներն ու լրատվամիջոցները»:
Անդրադառնալով մամուլի ազատության թեմային՝ Ա. Մելիքյանը վկայակոչեց «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության տրամադրած տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանում անազատ են համարվում ոչ միայն հեռարձակվող, տպագիր և էլեկտրոնային մամուլի տեսակները, այլև այս ոլորտում հետընթաց են գրանցել նաև սոցիալական ցանցերը:
Անդրադարձ կատարելով Հեռուստատեսության և ռադիոյի օրենքին՝ Աշոտ Մելիքյանը նկատեց.
«Անցած 7 տարիների ընթացքում այս ոլորտում կատարված բոլոր տեսակի փոփոխություններն իշխանությունները փորձել են ներկայացնել՝ իբրև բարեփոխում: Մինչդեռ այդ փոփոխություններն ուղղակի անհավասար պայմաններ են ստեղծել դաշտում, որը մասնավորապես տարածվել է մարզային տեղական հեռուստաընկերությունների պարագայում: Արդյունքում՝ նրանք ոչ միայն կանգնած են ամբողջ լսարանը կորցնելու վտանգի առաջ, այլ՝ գովազդատուներին նույնպես: Փաստորեն, արդյունքում ստացվում է այնպես, որ 7 տարիների բոլոր փոփոխությունները մեկտեղվել են մի փաստաթղթի մեջ և ամբողջությամբ համապատասխանեցվել նոր սահմանադրության դրույթներին»: