«Եթե ուզում եք շոու լինի, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին». Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ «Ելքի» առաջարկը Ծառուկայն դաշինքին` սատարել նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի առաջադրումը, բուժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու առաջարկ չէ:

«Դուք խառնում եք էծն ու ոչխարը, դա քաղաքագիտական մանիպուլյացիա է, որն անում են համապատասխան տեղից: Մենք բուրժուադեմոկրատական հեղափոփոխություն չենք առաջարկում, չենք ասում՝ ձեր թեկնածուին մի առաջադրեք: Մենք ասում ենք՝ նայեք ձեր հարմարությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Սարգսյանը:

Ըստ նրա` նախագահի թեկնածու առաջադրելով իրենք փորձում են ցույց տալ, որ իշխանությանը հակակշիռ ուժ կա, որը պատրաստ է երկիրը ղեկավարելու պատասխանատվություն ստանձնել.

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ որպես ընդդիմություն պատրաստ ենք մասնակցել քաղաքական գործընթացներին, ունենք համապատասխան ռեսուրսներ և ծրագրային նպատակներ, որ ունենք մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, և կարող են բանակցել:

Կա իշխանությանը զուգահեռ գործող համակարգ, որը պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել: Իսկ թե գործընթացներն ինչպես կստացվեն՝ հաջողված, թե՞ անհաջող, դա արդեն ժամանակի խնդիր է: Մենք գտնում ենք, որ այս առաջադրումը «Ելք» դաշինքի կողմից միանշանակ դրական ազդեցություն է ունենալու մեր դաշինքի համար»:

Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է՝ «Ելքը միանա «Ծառուկյանին» ու դառնա այլընտրանք, Ա.Սարգսյանը հորդորեց հակադրություն չփնտրել և 2 ուժերին բանավեճի չտանել.

«Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, «Ծառուկյան» դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել, որ այս երկրում փոխոխություն լինի: Իսկ եթե փոփոխություն չեք ուզում, ուզում եք շոու լինի, այո, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին, լավ թեմա կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս